Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս կորդեբալետը տարբեր սեզոններում նորից ենք դիտելու». Լևոն Բարսեղյան

«Այս կորդեբալետը տարբեր սեզոններում նորից ենք դիտելու». Լևոն Բարսեղյան
194
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 23:12

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Հարմար տեղավորվեք. կրկեսը շարունակվելու է

Վշտալի մտքեր և հառաչանք եմ կարդում արդեն մի քանի օր է: Այն մասին, թե ծաղրում են խեղճ ընդդիմությանը, որ ձախողվեց, թե բա դա Հայաստանի ձախողումն է, փոխանակ աջակցեք, հեգնում եք, հլը հիշեք նախկին ընդդիմությունների ձախողումները և այլն: Ուզում եմ հավատալ, որ ազնիվ ցավակցություններ են ուղղված ձախողված ընդդիմությանը և ազնիվ նախատինք է ուղղված հեգնողներին կամ ծաղրողներին: Ազնիվ, այսինքն՝ ծպտյալ ընդդիմադիրներ չեն ցավակցողները, կամ հիպոտեկ չեն վերցրել վերջերս ու հիմա դատապարտված են որպես փիլիսոփաներ տքնել:

Խորհրդարանական ընդդիմության գործողություններն ու այս ձախողումը հեգնողների մեջ ես էլ կամ, իհարկե: Ու ես պատճառներ ու հիմնավորում ունեմ իմ այդ վերաբերմունքի: Իրավունքս չեմ բացատրում, հասկանալի է, որ ինչպես բոլորն իրավունք ունեն, այնպես էլ՝ ես:

Հիմա՝ ըստ էության. նախ շատ մեծ չափազանցություն է 1,5 ամիս ցույցերով և բախումների փորձերով իշխանություն վերստանալ կամեցող մի 3-4 կուսակցություններին պարզապես «ընդդիմություն» կոչել: Այդով մնացած բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրային գիտակցության մեջ դիտավորյալ մղվում են լուսանցք, իբր չկան: Գոնե արժե ասել՝ «խորհրդարանական ընդդիմություն»: Ես կա՛մ այդպես եմ ասում, կա՛մ «իշխանություն վերստանալ կամեցող ընդդիմություն», կա՛մ «ռևանշիստ ընդդիմություն»՝ քաղաքական դաշտում իրենց հաղթողներին հաղթել կամեցող իմաստով:

Ինչո՞ւ են/էին մարդիկ հեգնում կամ ծաղրում այդ պայքարը: Պատկերացրեք մեկին, որ ծանրամարտի ոչ մի փորձ ու մարզված օրգանիզմ չունի, ելնում, վազելով գնում է ծանրամարտի մրցումների, աշխարհի առաջնություն:

Բնականաբար, պարտվում է: Դուք ի՞նչ եք անում, ցավում եք, որ պարտվե՞ց, թե՞ ցավում եք, որ չհասկացավ, որ դա իր տեղը չէ: Եթե ցավում եք, որ պարտվեց, այսինքն՝ հույս ունեիք, որ կհաղթեր, դուք լուրջ պրոբլեմների մեջ եք թաղված, կարծում եմ՝ հիմնականում հոգեբանական, արժե դիմել բժշկի, կներեք, եթե սխալվում եմ: Իսկ եթե ցավում եք, որ էնքան անխելք է, որ ելել գնացել է ծանրամարտի մրցումների, ձեր վիճակն այնպես ծանր չէ, ինչպես առաջին դեպքում, ուղղակի այդ «ծանրամարտիկը» թանկ է ձեզ համար, ու ցավում եք, որ սխալ որոշում է կայացրել: Սխալը ո՞րն է: Դե շատ հասարակ, գերագնահատել է իր կարողությունները, մեղմ ասած:

Գալով մեր ռևանշսիտ ընդդիմադիրների ցավակցողներին, կարևոր է հասկանալ, թե իրենք ինչու էին այդպես վստահ, որ իրենց համակրած կամ համախոհ ընդդիմությունը հաղթելու է, կամ զգալի տեղաշարժ է անելու հանրային գիտակցության մեջ ու ժամանակի ընթացքում ցուցարարների շարքերն ստվարանալու են: Ինչն էր հիմք հանդիսանում այդպիսի հույսի և հավատի, որը, վերջում պարզվեց ընդամենը ազդեցության և ուժերի գերագնահատում էր: Ես մի բացատրություն ունեմ այպիսի անվերապահ հավատի քոչարյանասերժական ընդդիմության նկատմամբ. գերագնահատել են հանրային դժգոհությունը գործող իշխանությունից և փողոցային պայքարի ելած ընդդիմության կարողությունը: Նման գերագնահատում լինում է փաստերի անտեսման կամ ընտրովի ուսումնասիրման դեպքում: Իսկ փողոցային պայքարի ելած ընդդիմության սուպերինքնավստահության պատճառը «բոժոժի էֆեկտն» է, կամ ավելի ճիշտ՝ դեֆեկտը: Պիտի, որ հիշեք, թե ինչպես էին ամեն օր հայտարարում, որ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, հետո հայտարարեցին, որ այս իշխանությունն այլևս չկա, բառացիորեն չկա...: Մեղսունակ մարդիկ նման բառաբանությամբ քաղաքական պայքար մղում են միայն այն դեպքում, երբ համոզված են, որ հենց այդպես էլ կա. նման բլեֆները հետո դառնում են ծաղրուծանակի առարկա, մեղավորների որոնում և կեղծ մեղավորների թիրախավորում:

«Բոժոժի համախտանիշը» այն դեպքն է, երբ մարդը (խումբը, քաղաքական ուժը) տարբեր գործոնների բերումով հավատացած է, որ իր իմացածն է ճշմարիտ, հավատացած է, որ իրադրությանը փայլուն է տիրապետում, ամեն ինչ լավ գիտե, մասնավորաբար, այս դեպքում, որ ինքը կամ իր հավանած ուժը հզոր է, զորավոր, ունի բարձր վարկանիշ, և անպարտելի: Սա շատ տարածված սոցիալական կամ քաղաքական հիվանդություն է, տարածված է ոչ միայն Հայաստանում: Սա փակ սոցիալական համակարգերի հատկանիշ է նույնիսկ. երբ արտաքին կամ այլ աշխարհի հետ հաղորդակցությունը ծայրահեղ սահմանափակված է որևէ արտաքին կամ ներքին քննադատություն, տարակուսանք գործողությունների կամ ծրագրի հանդեպ սվինների են հանդիպում, նախատում են անհամաձայններին, ժամանակի ընթացքում այդ քննադատությունը պակասում է, ու վերանում, մնում են համաձայններով, որ «իրենք անպարտելի են, իրենց ծրագիրը հաստատ հաղթական է», և նրանցով, ով գիտե, որ այդպես չէ, բայց տարբեր դրդապատճառներով լռում է, որևէ շահ կամ հույս ունի, որ ինքը սխալվում է և գուցե իսկապես իրենց գաղափարն ու խումբն անպարտելի է ու ինքը դա դեռ չի հասկանում: Խոսքը բլեֆի մասին չէ, այլ իսկական ազնիվ ու միամիտ համոզմունքի մասին, որ իսկապես հզոր են: Փակ համակարգում հակառակ կարծիք, տեսակետ չի լսվում, դրա փոխարեն, բազմաթիվ քծնվողներ և կթողներ են վխտում «բոժոժում», հատկապես դրա կեղևի և արտաքին աշխարհի սահմանում: Բոժոժի համախտանիշն ի բնե մերժում է այլակարծությունը, որովհետև այլ կարծիքը, քան այն, որ տիրում է բոժոժում, համարվում է դավադիր, վնասակար և այլն, կարող է խաթարել բոժոժի անդորրը:

Հետո որպես կանոն զարմանում են, որ իրենց հույսերը չարդարացան, ախր իրենք այնքան ճիշտ էին պլանավորել ու այնքան լավ գիտեին, որ իրենք են լինելու հաղթողը:

Մտաբերեք. անցած տարի այս օրերին Քոչարյանի ճամբարում և, հատկապես, ինքը համոզված էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններում առնվազն 60 տոկոս են ստանալու: Հարցումների արդյունքներ էին վկայակոչում և այլն: Ես համոզված եմ, որ հենց Քոչարյանն իսկապես համոզված էր, որ իր քաղաքական թիմը կստանա առնվազն 60 տոկոս: Նաև համոզված եմ, որ այդ թիմում կային մարդիկ, որոնք շատ լավ գիտեին, որ այդպես չի լիենլու, անհամեմատ պակաս քվե էին ստանալու, բայց լռում էին, ու չէին պնդում ողջախոհ լինել, շատ հավատ չընծայել կոպերատիվ հետազոտողներին և չտարվել հանրահավաքների աջակցությանը: Չէին ուզում հարաբերություն փչացնել կամ շատ կոնկրետ շահ ունեին այդպես վարվելու համար: Բայց բոժոժում համոզված էին, որ հաղթելու են: Բայց ընտրություններից հետո քաղաքական սգի մեջ ընկան:

Ինչպես հիմա: Թե բա՝ ոնց այսպես եղավ: Տեսնես որևէ մեկը գլխի ընկա՞վ, որ կայֆերի «բոժոժը» դաժան բան է, պատրանքներով շրջապատված ապրողը փորձությունների չպիտի ենթարկի իր համոզմունքները, որովհետև կարող է գեշ հիասթափվել, սկսել մեղավոր որոնել, ու մեղադրել նույն ... ժողովրդին: Հիմա ո՞վ է մեղավոր՝ նրանք, որ ապրում էին կեղծիքի ու կեղծավորության բոժոժո՞ւմ, թե՞ նրանք, որ նկատում էին դա ու հեգնում էին:

Եվ վերջին կարևոր հանգամանքը, որ հանգեցրեց պարտության ու արդարացիերոն հեգնանքի հիմք տվեց շատերին (նաև ինձ): Ինձ խիստ հետաքրքրում է, ռոբասերժական ընդդիմության պարագլուխները, հենց իրենք՝ Քոչարյանը, Սարգսյանը, Վանցեյանը, Սաղաթելյանը, Շարմազանովը, Աշոտյանը, Հակոբյանը և մյուսները իսկապե՞ս չգիտեին, թե ինչ են մտածում մարդիկ իրենց թագավորության մասին, իրենց անցյալի, արածների և չարածների մասին, կամ մտածում էին, թե մարդիկ ուղղակի մոռացե՞լ էին այդ ամենը, թե՞ ամենահավանականն էր՝ մտածում էին, որ ինչքան էլ վատ ու հանցագործ էին կառավարել, պատերազմում պարտությունը, այս իշխանության ապաշնորհ կառավարումը, կոպիտ սխալներն ու թափթփվածությունը հանրագումարում այնպես է կատաղեցրել միջին վիճակագրական քաղաքացուն, որ մարդիկ մտածելու էին թքել նորերի վրա ու ելնելու էին միանային իրենց: Հավանաբար՝ վերջին տարբերակն է ճշմարիտ: Ռոբասերժական ընդդիմությունը մտածել է, որ մարդիկ ընտրելու բան ունեն՝ վատի ու վատթարի միջև ու վատթարն իրենք չեն, այլ՝ Նիկոլն ու իր թիմը: Մի քանի հարյուր մտավորականների ստորագրահավաք արեցին, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություների մոբլիզացրին, իրենց տիրապետության տակ եղող 4-5 հեռուստաալիք, կայքեր ու թերթեր խթանեցին ամբողջ ուժով, օրնիբուն տքնեցին, առասպելական փող ու ջանք դրեցին, որպեսզի մարդիկ ընտրեն իրենց և մերժեն ներկաներին: Չստացվեց: Ամենազվարճալին այն է, որ այս՝ հերթական պարտության մասին բազմաթիվ մարդիկ ասում ու գրում էին նույնիսկ մինչև փողոցային պայքարի մեկնարկը, բայց բոժոժը լուրջ չէր ընդունում: Չի բացառվում, որ գործակատարները հիմա շեֆերի մոտ պարտության պատճառներից հիմնականն այդ քննադատությունն են ներկայացնում...

Այս ձախողումը նաև զգալիորեն նման է իշխանության հերթական քաղաքական հաղթանակին, երրորդին՝ 2018-ի և 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Նման է, որ հանրության ազդեցիկ կամ որոշիչ խումբը, չմիանանալով կամ չպաշտպանելով ռոբասերժական ընդդիմությանը, հասկացրեց, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, ու անխոս հեղափոխության շարունակության աջակցություն հայտնեց գործող իշխանությանը: Երրորդ ալիք կարելի է համարել, էլի մի շանս արդարության վերականգնելու գործում զգալի անգործություն դրսևորած իշխանությանը:

Ցավոք այդպիսով գործող իշխանությունները լրացուցիչ ինքնավստահության դոզա ստացավ: Ցավոք, որովհետև այս իշխանությունը մի քանի անգամ ցույց է տվել, որ չի տառապում անհարկի ինքնավստահությունից և ավելորդ մեծամտությունից, սիրում է կրկնել, որ ժողովուրդը իրեն քվե է տվել և կանի այն, ինչ ուզում է, կանի այնպես, ինչպես կամենում է: Դա վնասակար դիրքորոշում է, որին ականատես ենք եղել հասարակ կամ բարդ խնդիրների լուծման փորձերի ժամանակ: Ռոբասերժական անցյալով և բոժոժում ապրող ընդդիմությունը մեծ երջանկություն է ցանկացած իշխանության համար: Ցավոք այդպիսի երջանկությունից երկիրն է տուժում. կա՛մ չի զարգանում, կա՛մ շատ վատ է զարգանում: Ցավոք գործունյա, մաքուր անցյալով և կառուցակարգերով զարգացած ընդդիմություն չունի արդի Հայաստանը: Իսկ դա նշանակում է, որ այս կորդեբալետը տարբեր սեզոններում նորից ենք դիտելու՝ ապօրինի գույքի վերադարձի համեստ ջանքերի և Արցախի շուրջ զարգացումների ժամանակացույցի հանգույն»:

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան