Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Անհրաժեշտ է կառուցել պետություն, որտեղ հանրային հարաբերությունների հիմքում արժեքները կլինեն ազատությունը և արդարությունը»․ Միսկարյան

«Անհրաժեշտ է կառուցել պետություն, որտեղ հանրային հարաբերությունների հիմքում արժեքները կլինեն ազատությունը և արդարությունը»․ Միսկարյան
169
Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 12:18

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Մեր մոտեցումները պետություն ունենալու, պետականություն կայացնելու վերաբերյալ հետևյալն են.
Ժամանակը ցույց տվեց, որ ավտորիտար արժեքների՝ և՛ փողի, և՛ ուժի վրա, կառուցված պետությունը մեր ռեսուրսների պայմաններում անկենսունակ է։
Հետևաբար, մեզ անհրաժեշտ է կառուցել պետություն, որտեղ հանրային հարաբերությունների հիմքում արժեքները կլինեն ազատությունը և արդարությունը, այն է՝ դեմոկրատական պետություն։
Նման պետություն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ այդ արժեքների իմաստը, բովանդակությունը, գինը իմացող ու դրանց պաշտպանության համար պայքարելու պատրաստ և փոխհամագործակցող հասարակական շերտ։ (Իմ գնահատմամբ հանրության 1%-ի չափով):
Արժեքները սերմանելու, դրանք յուրացնելու, միևնույն ժամանակ այդ արժեքների և դրանց շուրջ հասկացությունների, տերմինների վերաբերյալ միևնույն «լեզվով» խոսելու ու իրար հասկանալու համար անհրաժեշտ է այդ արժեքների վերաբերյալ գիտելիքի՝ հումանիտար և հասարակագիտական գիտելիքի, հասանելիություն և մատչելություն։
Հասանելի.
ենթադրում է, որ ցանկացած մարդ, որն ուզում է նման գիտելիք ստանալ, ունենա դրա հնարավորությունը, իմանա, թե որտեղից է այն վերցնելու։
Մատչելի.
ենթադրում է, որ ցանկացած գիտելիք ստացող հնարավորություն կունենա իր համար մաքսիմալ ընկալելի և հարմար ձեւով ստանալ այդ գիտելիքը:
Աշխարհը ունի հումանիտար գիտելիքի ավելի քան երեք հազար տարվա կուտակած պաշար։ Այդ գիտելիքը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն.
-լինի հայերեն
-լինի թվային
Միևնույն ժամանակ այդ գիտելիքը մատչելի դարձնելու համար, անհրաժեշտ է այն վերարտադրել տարբեր ֆորմատներով՝ թվայնացված գրքեր, աուդիո գրքեր, քննարկումներ, դասախոսություններ, բանախոսություններ, բանավեճեր, զրույցներ, կարճ ֆիլմեր, դոկումենտալ ֆիլմեր և այլն։
Կա համաշխարհային հումնատար գիտելիքի երեք աղբյուր.
-Գրականությունը, որը կուտակել է քաղաքակրթությունը։
-Բաց աղբյուրներում հասանելի միջազգային անվանի հումանիտար և հասարակական գիտությունների գիտնականների (օտարալեզու) դասախոսությունները, բանախոսությունները, հարցազրույցները:
-Հայկական միջավայրում առկա գիտնականների գիտելիքը։
Խնդիր 1.
Անհրաժեշտ է այդ երեք աղբյուրների գիտելիքը հայերեն լեզվով, թվային տարբերակով, մեկ կետից ինտենսիվ մատուցել հանրությանը և հընթացս օգնել իրար տարածելուն և յուրացնելուն։
Խնդիր 2.
Ստեղծել քաղաքական դպրոց, նրանց համար, ովքեր կցանկանան ստանալ ավելի խորը քաղաքագիտական, հասարակագիտական, կառավարչական և գիտելիքներ, որոնք կօգնեն մարդուն դառնալ առավելի իրավագիտակից և պատասխանատու։
Խնդիր 3.
Ձևավորել օնլայն և օֆլայն միջավայր, որտեղ առավել իրավագիտակից ու պատասխանատու քաղաքացիները փոխօգնության և ինքնակրթության ճանապարհով կխորացնեն իրենց գիտելիքները, կինքնորոշվեն և պատրաստ կլինեն վերցնել իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն քան մյուսները։
Ինքնիշխան, ժողովրդավարական, մարդակենտրոն ազգային պետություն կառուցելու համար անհրաժեշտ է այսքան բանը։ Կա այս ամենը անելու թե հմտությունը, թե գիտելիքը, թե անողները։ Միակ խանգարող հանգամանքը, ինչպես հասկանում եք՝ ֆինանսական ռեսուրսների սղությունն է, որը թույլ չի տալիս անել այս ամենը ավելի արագ, քան հիմա է արվում։ Իսկ ժամանակը, ցավոք մեր դեմ է գործում։
Եթե ցանկանում եք այս կամ այն կերպ ներգրավել այս գործընթացի մեջ, գրեք ինձ, և մենք կքննարկենք համագործակցության հնարավոր ձևաչափը, իսկ եթե պատրաստ եք ֆինանսապես աջակցել գործընթացը նախաձեռնած «ժողովրդավարական հարթակ» հիմնադրամին, դարձյալ գրեք ինձ, հանդիպենք, ավելի մանրամասն ներկայացնեմ անելիքները»։