«Որտեղ ենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան թակարդի մեջ»․ Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը․ «ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԵՑ սահմանադրությունը և ինչու էր դրա ընդունումը վաղաժամ ու վտանգավոր
1995թ. Հուլիսի 6-ին էր:
Առաջին անգամ ԱԺ ընտրություններ էին անցկացվել, միաժամանակ նաև Սահմանադրությունն էր դրվել հանրաքվեի: Ես իշխող կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի: Ընտրությունների նախնական արդյունքների սպասումով թերթն ուշ էինք տպարան իջեցրել, ու երբ տուն էի դառնում, արդեն առավոտյան 6-ի կողմերն էր:
Ծառայողական ավտոմեքենան Բաղրամյանից թեքվեց դեպի Օրբելի: Երբ հասանք դպրոցին, փողոցում լիքը մարդ տեսա: Այդ ժամին դա տարօրինակ էր, ու մեքենան կանգնեցրի, իջա:
Ձախ մայթին տեսա Վազգեն Մանուկյանին, վերնաշապիկը քաշքշված էր, զայրույթից դողդողացող ձեռքերով ակնոցն էր դնում աչքերին: Ակնոցի մի ապակին չկար:
Չհասցրի զարմանալ. մի ծանոթ ԱԺՄ-ական մոտեցավ ինձ ու թե՝
- Արծրուն, այս ինչ եք անում:
Ես բանից անտեղյակ էի ու խնդրեցի ներկայացնել եղելությունը:
Հետևյալը պատմեց: Դպրոցում ընտրատեղամաս է, առավոտյան կողմ երիտասարդների մի խումբ ներխուժել է ընտրատեղամաս ու գողացել քվեատուփը: Իրենք դիմադրել են, ծեծկռտուք է եղել:
Ու ԱԺՄ-ականը ցույց տվեց մյուս մայթին խմբված տղամարդկանց, որոնք քվեատուփը գողացել էին:
Ես նայեցի նրանց կողմն ու ճանաչեցի նրանց: Այդ տղամարդկանց վերջին օրերին հաճախ տեսել էի ՀՀՇ կենտրոնական գրասենյակի բակում: Նրանց տեսքը սովորական չէր՝ կոկիկ հանգնված էին, փողկապով, ու ես մտածել էի, թե նախագահ Տեր-Պետրոսյանի թիկնապահներն են: Ասեմ, որ նախագահն այդ օրերին հաճախ էր գալիս ՀՀՇ շենք:
Ես նայեցի այդ տղաներին, նայեցի զայրույթից այլայլված ՀՀ առաջին վարչապետին ու սիրտս ճմլվեց: Ինչպես կարելի է այսպես վարվել երկրիդ խորհրդանիշներից մեկի՝ առաջին վարչապետի հետ,- հարցրի ինքս ինձ: - Մի՞թե այդքան էական էր, թե ով կհաղթեր այդ տեղամասում: Մի՞թե այդ մանր հարցի համար արժեր այդպես վարվել առաջին վարչապետի հետ, ով նաև իշխող կուսակցության հիմնադիրներից էր:
Այս ծանր մտքերին էի տրված, երբ Կիևյան փողոցի կողմից 2-3 ավտոմեքենաներ եկան, կանգ առան մեր մոտ, դուրս եկան փողկապավոր 10-12 տղամարդ: Այս նոր եկածները զայրացած գնացին դեպի քվեատուփ խլածները, գոռգոռացին նրանց վրա, ապա եկածներից մեկը ատրճանակ հանեց, պահեց հներից մեկի դեմքին, նրան ետ-ետ հրեց, մինչև որ սա մեջքի վրա պառկեց առաջին պատահած մեքենայի կապոտի վրա:
Հարձակվողն ատրճանակը մտցրեց մյուսի բերանը, ինչ-որ բան գոռգոռաց ցասումնալից: Մյուսներն անշարժ նայում էին:
Բայց կրակոց չեղավ: Հետո փողկապավորների երկու խմբերը հավաքվեցին մյուս մայթին ու ինչ-որ բան էին խոսում:
Աղմուկից շենքերի բնակիչներն արթնացել ու կախվել էին պատշգամբներից:
Այս դեպքից հետո ամբողջ մեկ շաբաթ տեղս չէի գտնում: Մի միտք էր գլխիս մեջ՝ դիմում գրել ու ազատվել:
Բայց հետզհետե ինձ այլ հարց սկսեց զբաղեցնել. ես կրթությամբ ֆիզիկոս եմ, որ ասել է՝ փորփրող, բարդ երևույթներ ուսումնասիրող: Եվ ջանացի պարզել ինքս ինձ համար, թե ինչու իշխանություններն իրենց այդպես պահեցին, ինչու օրենքները չաշխատեցին:
Ու այդ հարցերի պատասխանը գտնելու նպատակով սկսեցի աչալրջորեն զննել իշխանական բուրգի գագաթը:
1996-ի նախագահական ընտրություններին ևս իշխանություններին ներսից տեսնելու հնարավորություն ունեցա: Եվ ապա, անհնարին գտնելով այդ թիմի հետ ճամփա գնալը, շատ բարձր մի պաշտոնյայի հայտնեցի իմ կարծիքն իրենց մասին ու կամավոր հեռանալով գլխավոր խմբագրի պաշտոնից, տեսածս, ուսումնասիրածս ի մի բերելով՝ սկսեցի խորհել իրականության
այդպիսին լինելու խորքային պատճառների մասին:
Ես չէի կարող այլոց նման բավարարվել այն պատասխանով, թե ամենի մեղավորը վատ իշխանություններն են: Ես ինձ տալիս էի նաև երկրորդ հարցը՝ իսկ ինչու մեր իշխանություններն այլ որակի չեն, ինչու մեր ժողովուրդը հանդուրժեց օրենքների խախտումը և համակերպվեց:
Որոնումներս տևեցին տասնյակ տարիներ: Ու մի գիրք վերջնականապես բացեց աչքերս և հասկացա ամենը: Դա ֆրանսիացի գիտնական Լը Բոնի՝ ժողովուրդների հոգեբանության մասին գիրքն էր, հրատարակված 1895-ին: Այն կարդալով, հասկացա, թե որտեղ ենք մենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան թակարդի մեջ: Հասկացա, որ իշխանություններն այլ կերպ իրենց դրսևորել չէին կարող: Հասկացա, որ ընտրությունների մասին օրենքներ ներմուծելով՝ չենք արել գլխավորը՝ չենք փոխել մեր քաղաքացու գիտակցությունը: Իսկ նման դեպքում, ինչպես հիմնավորել է Լը Բոնը, ընտրությունների անցկացումը ավեր է բերում երկրին ու ժողովրդին:
Այս ամենը պարզելով, հնարավորությանս սահմաններում ջանացել եմ մեր քաղաքական դաշտին տեղեկացնել այս մասին ու հորդորել չվնասել երկրին: Նաև այլընտրանք եմ առաջարկել: Բայց արդյունքի, ցավոք, չհասա»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
275Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
181Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
226Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
219Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
179Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
173Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
14519.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
14319.09.2026, 23:12