«Շրջանառության մեջ է դրվել մի խնդրահարույց նախագիծ, որը հարվածի տակ է դնում բիզնեսը և ընդհանրապես տնտեսությունը»․ Ա․ Եղիազարյան
160
Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 18:00
ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական անգամ շրջանառության մեջ է դրվել մի խնդրահարույց նախագիծ, որը հարվածի տակ է դնում բիզնեսը և ընդհանրապես տնտեսությունը։ Ինչպես արդեն տեղեկացանք, սույն թվականի հուլիսի 6-ին Պետական եկամուտների կոմիտեն կրկին անգամ օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որի հաստատման դեպքում ՊԵԿ-ին կթույլատրվի ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց դատարանի որոշման։ Ինչու եմ ասում կրկին անգամ, քանի որ 7-րդ գումարման Ազգային ժողովում մենք մեկ անգամ կարողացանք կանխել այս չափազանց խնդրահարույց և վտանգավոր նախագծի ընդունումը։ Ինչու եմ ասում վտանգավոր նախագիծ, քանի որ ՊԵԿ-ի ներկայացուցիչները կամ ժողովրդական լեզվով ասած հարկային տեսուչները, առանց դատարանի թույլտվության և որևէ խոչընդոտի կարող են ստանալ ձեր բանկային գաղտնիքի մասին տեղեկատվությունը։ Ասեմ, որ Բանկային գաղտնիքի օրենքը ընդունվել է դեռևս 1996թ-ին և հիմք է հանդիսացել բանկային համակարգի կայացման և բանկի հաճախորդների կողմից բանկերի նկատմամբ վստահությանը։ Բանկային գաղտնիքի մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը հստակ տալիս է, թե ինչ է ներառվում բանկային գաղտնիք հասկացության մեջ՝ «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»: Ակնհայտ է, որ բանկային գաղտնիքը ներառում է շատ բազմազան տեղեկատվություն բանկի հաճախորդի վերաբերյալ, որի գաղտնիության վերացման պարագայում կխախտվի գործարարի, ներդրողի և ինչու ոչ նաև ֆիզիկական անձի իրավունքները։ Այս նախագծի ընդունումը ուղղակի հարված է բիզնեսին, ներդրումային դաշտին և բանկերի հետ հարաբերություններին։ Չի կարելի մարդկանց զրկել իրենց բիզնեսի գաղտնիքների անվտանգ պահպանելու հնարավորությունից, որոնցից են օրինակ՝ գործընկերային հարաբերությունները, հաճախորդների բազաները, նորարարական մոտեցումները, գնային քաղաքականությունները, բիզնեսի աճը կամ խնդիրները և նման շատ այլ հարցեր։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն գործարքների բացահայտմանը, քրեական գործերին կամ այլ դեպքերում բանկային գաղտնիքի տրամադրմանը, ապա բանկային գաղտնիքի մասին օրենքի 9, 10 և 11 հոդվածները տալիս են այդ հնարավորությունները և դատարանի թույլտվությամբ տրամադրվում են այդ բոլոր տեղեկատվությունները։ Այնպես որ նման հնարավորություն արդեն առկա է գործող օրենքում, պարզապես պետք է ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից նման կասկածելի դեպքերում դատարանի միջոցեվ ստանալ համապատասխան թույլտվությունը։ Հակառակ դեպքում այս նախագծով խախտվում է նաև մարդկանց և տնտեսվարողների նկատմամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը, իսկ ՊԵԿ-ը դառնում է սուպերվարչապետական տրամաբանության մեջ մի մարմին, որին տրված է «դատավոր» լինելու լիազորություններ։ Սա ուղղակիորեն հարված է բիզնեսին և ներդրումային միջավայրին։ ՀՀ Կառավարությանը խնդրում և հորդորում եմ հետ կանչել այս խնդրահարույց նախագծը, իսկ Ազգային Ժողովից ակնկալում եմ, որ կկանխեն այս օրենսդրական նախագծի ընդունումը։ Առանց այն էլ տնտեսության առջև ծառացած են բազմաթիվ այլ մարտահրավերներ, մի վնասեք այն...»։