«Ով հասցնում քաշում է այդ սանձերը` Փաշինյան-Քոչարյան զույգից սկսած մինչև աշխարհի տերություններ». Ա. Դանիելյան
334
Ուրբաթ, 15 հուլիսի, 2022 թ., 14:24
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019-ի օգոստոսին առաջին անգամ ռուսերենով ուղիղ եթեր դուրս եկա և նկարագրեցի Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և բառացի ասացի՝ «ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է իր դաշնակիցների շարքում ունենալ մի երկիր, որը Ադրբեջանի հետ ունի ռազմավարական հարաբերություններ»: Խոսքը բնականաբար Ռուսաստանի մասին էր: Նույն եթերում ասում ու հիմնավորում եմ, թե ինչու Ուկրաինայում Մոսկվան գլուխը ցավի տակ կդնի, իսկ Կովկասում՝ ոչ, ինչու այնտեղ կպատերազմի, իսկ այստեղ՝ ոչ: Դա հաշվարկելուց ու ասելուց հետո մոտ մեկ տարի շարունակեցի վառ արտահայտված ռոսաստանամետ քարոզը: Տրամաբանությունն էլ պարզ էր՝ ակնհայտ էր, որ Փաշինյանը տանելու է Արցախի հանձնմանը, տեսականորեն դրան դեմ կարող էին լինել ԱՄՆ-ն, Իրանն ու ՌԴ-ն: Ես որևէ շանս չէի տեսնում, որ ԱՄՆ-ն ռազմական օգնություն կտրամադրի մեզ, բացառում էի նաև Իրանի բացահայտ օժանդակությունը, իսկ ոչ բացահայտը բացառվում էր Փաշինյանի օրոք: Տակը մնում էր Ռուսաստանը: Իմ հաշվարկով, եթե կար 1% շանս, որ ՌԴ-ն կարող է օգնել, տեսնելով, որ Հայաստանում կլինեն երախտապարտ ուժեր, ուրեմն պետք էր այդ ուժերին ի ցույց դնել: Պրակտիկան ցույց տվեց, որ իմ այդ «ի ցույց դնելու» շնորհիվ Մոսկվան էլ ավելի հավաստիացավ, որ քաղաքական առումով կմարսի՝ մեզ թուրքերի վրա ծախելը հանուն Ուկրաինայի: Նրանք վստահ էին, որ անկախ ամեն ինչից Հայաստանում կլինեն ուժեր, որ կքողարկեն մեր դաշնակցի դավաճանությունը, դե իսկ, պատերազմը պարտված ու քաղաքական դիակ դարձած, Փաշինյանի հետ պայմանավորվելը պրոբլեմ չէր լինի: Լիներ էլ՝ հավատարիմ ընդդիմությանը խոդ կտային: Իմ այս սարսափելի սխալը հետևանք էր մի եբյոմատ մարտավարության, որը հայ ազգին առնվազն մի 5 տարի է գցել է ինքնակործան շրջապտույտի մեջ: Ժամանակին իմ պես ազգիս մի ստվար զանգված ասում էր՝ «ով ուզում է լինի, Սերժը՝ չլինի»: Կար 1% շանս, որ Փաշինյանը կարող ա երկիրը փրկի ու ազգովի գնացին էդ 1%-ի հետևից: Մի քանի ամիս առաջ ինձ և այլոց Ֆրանսիայի հրապարակ էին կանչում, պնդելով, որ եթե կա 1% շանս, որ Փաշինյանին բերողները իրեն կհեռացնեն, Երևանում էքսկուրսիաներ անելով, ուրեմն պետք ա միանալ: Հենց էսօր էլ լիքը մարդ Փաշինյանին չի քննադատում, ասելով՝ «եթե կա 1% շանս, որ դա կօգնի Քոչարյանին, ուրեմն դա չի կարելի անել»: Ու մարդկանց ստվար զանգվածները չեն ուզում պարզ մաթեմատիկական հարցին պատասխանել՝ լավ, բա էն 99%-ը ի՞նչ ա... Օրինակ երբ ես ինքնամոռաց ուզում էի ռուսներից աղերսել մեզ չծախելը, 99%-ով ամրապնդել եմ իրենց վստահությունը, որ նրանք Հայաստանում խնդիր չեն ունենա մեզ ծախելու դեպքում: Հայաստանի բնակչության մեծ մասը 2018 թվին 99%-ով դատապարտեց Արցախը, Հայաստանն էլ հետը: Քոչարյանի հետ Փաշինյանի դեմ իբր թե դիմադրողները ամեն մի «շարժման» արդյունքում 99% հավանականությամբ ուժեղացնում են Փաշինյանին: Ընդդեմ Քոչարյանի Փաշինյանի ստորությունների մասին լռողներն էլ 99%-ով երկրարացնում են հենց Քոչարյանի կյանքը, որպես Նիկոլի միակ այլընտրանք: Ամենասարսափելին մեր այս 99% տոկոսանոց հիմարությունը չէ: Ամենասարսափելին այն է, որ մարդկանց մեծ մասը չեն ընդունում իրենց սխալը, նույնիսկ, երբ ակնհայտ է դառնում, որ իրենց 1%-ոց ավանտյուրան 99% տոկոսանոց փորձանք է բերում բոլորիս գլխին: Գրեթե բոլորը գիտեն, որ սարսափելի սխալ են գործել, ու գրեթե ոչ մեկ չի ընդունում դա... Հպարտությունն էս ժողովրդի վզին փաթաթված սանձ է, ու ով հասցնում քաշում է այդ սանձերը՝ Փաշինյան-Քոչարյան զույգից սկսած մինչև աշխարհի տերություններ: Իսկ սա նշանակում է, որ փորձանքները դեռ նոր են սկսվում ու չեն ավարտվելու»: