Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ավելի ճիշտ չի՞ նոր էջ բացելու փոխարեն Արծրուն Հովհաննիսյանի անձնական էջը դարձնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի էջ»․ Գ․ Մանուկյան

«Ավելի ճիշտ չի՞ նոր էջ բացելու փոխարեն Արծրուն Հովհաննիսյանի անձնական էջը դարձնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի էջ»․ Գ․ Մանուկյան
245
Կիրակի, 31 հուլիսի, 2022 թ., 10:44

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԷ
--------------------------------------------------------------------------
Օրերս ֆեյսբուքյան ընկերության հայտ եմ ուղարկել ու հաստատում եմ ստացել ՀՀ ՊՆ նորանշանակ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։ Այս լարված օրերին նրա կողմից տեղեկատվությունը խիստ սպասված է։ Հաջողություն եմ մաղթում նրան այդ դժվարին, պատվաբեր ու հատկապես ներկա, խիստ անորոշ պայմաններում աշխատանքում։ Հայկը բացել է անձնական էջ։ Հետևորդների քանակը շատ չէ, ընկերների ընդհանուր քանակն էլ չի երևում։ Դատելով տեղեկություններից՝ էջն էլ բացվել է ՊՆ մամլո խոսնակ նշանակվելուց հետո։ Վստահաբար, իր աշխատանքով պայմանավորված, կարճ ժամանակում շատերն են սկսելու հետևել նրա ֆեյսբուքյան էջին։ Կրկնում եմ էջը բացել է Արամ Թորոսյան անձը, և մի օր, երբ հրաժարական տա, ինքն էլ տնօրինելու է իր բացած էջը։ Ինչո՞ւ այս ամենը արձանագրեցի։
Դեռ տարիներ առաջ ՊՆ մամուլի քարտուղար նշանակված Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը դարձել էր մեր Զինված ուժերի, առաջնագծի, անգամ առավել լարված փուլերի՝ Ապրիլյան պատերազմ, 2020 թ. հուլիսյան լարվածություն, հետո արդեն 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղեկատվության (հետո արդեն պարզ դարձավ, կամ այդ շրջանում էլ շատերին էր հասկանալի՝ ապատեղեկատվության) եզակի աղբյուր։
Պետական ողջ համակարգը տարիներ շարունակ ուղղորդում էր ՀՀ Զինված ուժերի մասին հավաստի տեղեկատվություն ստանալ Արծրուն Հովհաննիսյանից։ Այսօր նրա էջին հետևում է արդեն ռեկորդային՝ 580 հազարից ավել մարդ։ Ճիշտ է, 2020 թվականին նա պաշտոնական մեկ այլ էջ է բացել, իբրև ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի պաշտոնյա?։ Անգլերեն հարցական նշանը իմ վրիպումը չէ. հենց այսպես է ներկայանում Արծրունը պաշտոնական էջով (https://www.facebook.com/arcrunmod):
Թերևս պաշտոնական էջն այդքան էլ կարևոր չի եղել, որին հետևել է շուրջ 50 հազար մարդ, որ չի էլ խմբագրվել։ Բայց ՇԵՇՏՈՒՄ եմ՝ իշխանությունների հորդորով մեր Զինված ուժերի մասին տեղեկատվություն ստանալու համար հազարավոր մարդիկ հետևել են Արծրուն Հովհաննիսյանի անձնական էջին, ու վստահ եմ, որ հարյուր հազարավորները չէին հետևի այդ էջին, եթե ՀՀ քաղաքացի Արծրուն Հովհաննիսյանը չլիներ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։
Ավարտվեց 44-օրյա պատերազմը, նոյեմբերի 9-ին Նիկոլը գաղտագողի ստորագրեց տխրահռչակ հայտարարությունը։ Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանոցում էր, ապա հեռացավ իր պաշտոնից, բայց ֆեյսբուքյան էջը մնաց ու շարունակում է մնալ նրանը։ Ժամանակակից աշխարհում, տեղեկատվական զենքի անգնահատելի կարևորության այս պայմաններում ՀՀ Զինված ուժերի նման գործիքը պաշտոնական կառույցների կողմից չի օգտագործվում։ Դեռ 2021 թվականի օգոստոսին, Ազգային ժողովում, ընդդիմության պահանջով հրավիրված փակ քննարկմանն եմ այս հարցը բարձրաձայնել դեռ այն ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Ներկայիս գլխավոր շտաբի պետն այդ օրը համաձայնեց դիտարկմանս հետ, շեշտեց, որ Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարության կարևոր տարրերից մեկն էլ հենց տեղեկատվական անվտանգությունն է ու բարձրացված հարցը։ Բայց քանի որ առայժմ որևէ ռազմավարություն չի մշակվել ու, հակառակ կառավարության խոստումներին, այն չի ներկայացվում ՀՀ Ազգային ժողով, ու միայն կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ են կատարվում, հարցս ուղղեմ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայիս մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։
Նախորդների սխալները չկրկնելու համար գոնե, ավելի ճիշտ չի՞ ֆեյսբուքյան անձնական նոր էջ բացելու փոխարեն ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը տարիներ շարունակ զարգացած, հանրայնացված ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի անձնական էջը դարձնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի էջ: Այն դարձնել պաշտոնական, և միայն ենթակա ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որ մարդիկ գան ու գնան, բայց տեղեկատվական հզոր գործիքը մնա Հայաստանի Հանրապետության և մեր Բանակի սեփականությունը։ ՈՒ այս օրերին տարբեր զորամասերում մարտական պատրաստվածության, նյութատեխնիկակակն ապահովման վիճակը ստուգելու համար այցեր կատարող ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նորանշանակ պետը պետք է վերհիշի մեկ տարի առաջ Ազգային Ժողովում մեր զրույցն ու անդրադառնա Զինված ուժերի տեղեկատվական այդ զենքի տնօրինմանը»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան