Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մի ռուսական լրատվական կայք պայթյունի մասին լուրը տվել է պայթյունից մի քանի ժամ առաջ»․ Արթուր Դանիելյան

«Մի ռուսական լրատվական կայք պայթյունի մասին լուրը տվել է պայթյունից մի քանի ժամ առաջ»․ Արթուր Դանիելյան
305
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 16:44

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրմալուի պայթյունից ժամեր անց ԱԻՆ-ը շտապեց հայտնել, որ ահաբեկչությունը որպես վարկած բացառվում է: Դեռ ոչ մի բան հայտնի չէր, բուն դեպքի վայրն անհասանելի էր, որևէ հետաքննական գործողություն չէր արվել, բայց «մասնագետներն» արդեն վստահ էին, որ ահաբեկչություն չի: Բնական է՝ սա էլ ահաբեկչության վարկածը դարձրեց օրակարգային, քանի որ հանրությունն էս իշխանությունների ամեն մի բառ սկսել է հակառակ իմաստով ընդունել:

Հաջորդիվ իշխանության տեղեկատվական ռեսուրսները սկսեցին տարածել թեզեր այն մասին, որ, պայթուցիկ ներմուծող ու իբր ՀՀԿ-ի հետ փոխկապակցված, «Ապառաժ» ընկերությունն առնչություն ունի դեպքի հետ: Սրան հետևեց ՌԴ դեսպանատան շատ անհասկանալի ու ըստ այդմ խիստ կասկածելի բողոքի նոտան, որտեղ նրանք պահանջում էին ՀՀ իշխանություններից իրենց ահաբեկիչ չնշանակել: Երկու օր անց արդեն Փաշինյանն անձամբ կրիմինալիստիկայի ոլորտի իր «հանճարը» դրսևորեց, պնդելով, որ ահաբեկչությունը բացառված է, քանի որ «կար վազող մարդ ու ծուխ»: Սրան ի պատասխան արդեն ՌԴ ԱԳՆ-ն պահանջեց, որ ՀՀ-ն պատասխանի, տեղի չունեցած ահաբեկչության իրենց չմասնակցելու մասին, իրենց իսկ բողոքի նոտային:

Իմիջիայլոց, ՌԴ ԱԳՆ-ի նույն ասուլիսի ժամանակ խոսնակը կոչ արեց ՀԱՊԿ գծով իրենց դաշնակիցներին կողմնորորշվել արտաքին քաղաքական ուղղվածության առումով: Խոսնակը, սակայն, չհստակեցրեց, թե ինչպես պիտի ՀԱՊԿ անդամները ՀԱՊԿ-ին տեղեկացնեն իրենց կողմնորոշման մասին, քանի դեռ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում փաստաթղթաշրջանառության հետ շատ լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ Հայաստանից դիմումը նրանք այդպես էլ չգտան...

Ու եթե սա բավարար չէր, ապա ցանցում նաև հայտնվում են սքրինշոթեր, որտեղ երևում է, որ մի ռուսական լրատվական կայք պայթյունի մասին լուրը տվել ա պայթյունից մի քանի ժամ առաջ: Այս ամենն ինձ հիշեցրեց ՌԴ Պետդումայում Վլադիմիր Ժիրինովսկու հայտնի ելույթը, որտեղ նա վրդովվում է այն փաստով, որ իրենց հայտնել են, որ 1999 սեպտեմբերի 13-ին Վոլգոդոնսկում բնակելի շենք է պայթել, մինչդեռ այդ շենքը պայթել էր չորս օր անց, սեպտեմբերի 17-ին, իսկ 13-ին ուրիշ քաղաքում էր պայթյուն տեղի ունեցել:

Հ.Գ. Ապառաժի մասով իմ գրառումը նույնպես տարընթերցման տեղիք տվեց, քանի որ զլացել էի մանրամասն անդրադառնալ այն մասին, թե ինչ ասել է թե պահեստ ու պայթուցիկ: Փաստացի Սուրմալուում եղել է տոնական հրավառությունների խանութ, որն էլ մեծածախ առևտրի փոքր պահեստ է հանդիսացել: Պահեստ, որի պարունակությունը ոչ մի պարագայում չէր կարող նման պայթյունի հանգեցներ: Բուն խանութն էլ «Ապառաժին» ուղղակիորեն չի պատկանում, այլ փոխկապակցված է: Գրառմանս բուն ենթատեքստն այս մանրուքները սակայն չեն փոխում: Ես վստահ եմ, որ որոշ շրջանակներ պայթյունը որոշել են գցեն Ապառաժի «ջեբը», որ տապալեն Իրանին կապող մայրուղու շինարարությունը»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան