Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ինչպես պառակտել ազգին և թշնամու ջրաղացին ջուր լցնել». Նարինե Դիլբարյան

«Ինչպես պառակտել ազգին և թշնամու ջրաղացին ջուր լցնել». Նարինե Դիլբարյան
190
Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 19:56

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Ինչպե՛ս պառակտել ազգին և թշնամու ջրաղացին ջուր լցնել բարձրագոչ հայրենասիրական արտահայտություններով. այս հնարաբանությանը, ըստ ամենայնի, լավագույնս փորձում է տիրապետել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր գրասենյակով: Կարկառուն օրինակը օրերս՝ հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվելիք միջոցառումն է, որը կրում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» արտաքուստ պատկառելի անվանումը: Երբ ծանոթանում ես սույն միջոցառման կազմակերպական գործընթացին, հրավիրյալների շրջանակին, խտրական ընդգրկմանը, անմիջապես պարզ է դառնում, որ հավակնոտ անվանման ներքո թաքնված է անձնապաշտ, քինախնդիր և փոքրոգի մոտեցում, որը ոչ մի առնչություն չունի հայկականության և հռչակված նպատակների հետ, որը տարածել է Սինանյանի գրասենյակը՝ «ազգային անվտանգություն, հայկական շահերի պաշտպանություն, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացում, հայրենադարձություն, ներդրումային ներգրավվածություն, հայապահպանություն, Սփյուռքի ինքնակազմակերպում»: Մի՞թե այս խնդիրները կարելի է լուծել առանց Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների, նրանց թեմերի, ՀՅԴ, Հայ դատի գրասենյակի և դրանց ճյուղային կառույցների ներկայացուցիչների: Բնականաբար ո՛չ, շուրջ 600 հնարավոր մասնակիցները փաստորեն միավորված են ոչ թե հայկականության, այլ ներկա իշխանությունների, ավելի որոշակի՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքով, իմա՝ նրան չքննադատողներն են: Արժե՞ր պետբյուջեից 300 մլնից ավելի ծախսել ընկերական հավաք կազմակերպելու համար, ոսկեղենիկ «գագաթնաժողով» բառն արժեզրկելով: Այդպես էլ չհասկացան՝ պետությունը կործանած «սև ու սպիտակ», «ներկաներ ու նախկիններ» պառակտիչ բաժանումներով, սազն առած հաճոյամետների շրջապատով երբևէ հաջողության չես հասնի, միայն թշնամուն կօգնես, Թուրքիայից արդեն հնչել են կոչեր թուրքական սփյուռքին միավորվելու՝ ընդդեմ հայկական սփյուռքի, որ չխանգարեն իրենց, Հայաստանի իշխանություններին չհիշեցնեն թուրքական քաղաքականության պատմությունը, ցեղասպանությունն ու մեր հայրենազրկումը, անխուսափելի պատասխանատվությունը: Արդ պարզվում է՝ թուրքական սփյուռքին զուգահեռ Զարեհ Սինանյան իր գրասենյակով որոշել է հայոց սփյուռքի և երևելիների նոր «ինքնակազմակերպում» նախաձեռնել՝ ոչ մի ընդդիմախոս պարտվողականությանը սկզբունքով: Չի հաջողվելու, բայց նոր վիհ է բացվելու մեր միջև»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան