«Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է. «Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: «Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է, որպես տղամարդու կամ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է 12 ամիս և ավելի կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հղիության ձախողմամբ: Անպտղությունը, ցավոք տարածված հիմնախնդիր է: Գնահատված է, որ ամբողջ աշխարհում 48 միլիոն զույգեր և 186 միլիոն անհատներ ապրում են վերոնշյալ խնդրով:
Տղամարդկանց և կանանց մոտ անպտղությունը կարող է առաջանալ մի շարք տարաբնույթ գործոնների պատճառով։ Մասնավորապես, կանանց շրջանում տարածված պատճառներից են.
• փողերի հիվանդություններ, օրինակ՝ առաջացած վտանգավոր աբորտների հետևանքով,
• արգանդի հիվանդություններ, այդ թվում՝ բորբոքային (օրինակ՝ էնդոմետրիոզ),
• ձվարանների հիվանդություններ, օրինակ՝ պոլիկիստոզային համախտանիշը,
• ներզատական համակարգի խանգարումները, որոնք առաջացնում են վերարտադրողական հորմոնների դիսբալանս և այլն:
Տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են պայմանավորված լինել.
• վերարտադրողական օրգանների օբստրուկցիաներ,
• հորմոնալ խանգարումներ,
• սերմնահեղուկի արտադրության խնդիրներ, օրինակ՝ վարիկոցելեի պատճառով և այլն:
Հարկ է նշել, որ բնակլիմայական և կենսակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ավելցուկային քաշը, ևս կարող են ազդել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա: Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են 1989-1990թթ., 1997-1998թթ., և 2009թ.:
Վերջինի արդյունքները վերանայվել և հրապարակվել են 2014թ.: Համաձայն վերոնշյալ հետազոտության տվյալների անպտղությունը կանանց շրջանում կազմել է 16,8%, որից առաջնայինը՝ 5,4%, երկրորդայինը՝ 11,4%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 5,1%-ը անամնեզում նշել է ամլություն, որոնցից առաջնային՝ 2.3%, երկրորդային՝ 2,8%:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից 2020-2021թ. իրականացված հետազոտության տվյալներով վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում՝ առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%:
Այսպիսով, առկա տվյալները վկայում են, որ անպտղության մակարդակը Հայաստանում թեև որոշակի նվազել է, այնուամենայնիվ շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 15% ճգնաժամային մակարդակին, որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն և սոցիալ-բժշկական խնդրից վերածվում է համապետական, անգամ ազգային անվտանգության հիմնախնդրի»:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
118Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
218Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
56919.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
37018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
35018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
80515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
104513.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
320613.08.2026, 00:33