Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արամ Ա-ի գլխավորությամբ միջկուսակցական հանդիպում է եղել՝ Բերձորի միջանցքի հարցով

Արամ Ա-ի գլխավորությամբ միջկուսակցական հանդիպում է եղել՝ Բերձորի միջանցքի հարցով
246
Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 23:18

Կաթողիկոսանիստ Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հրավերով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան (Ս.Դ.Հ.Կ.), Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) և Ռամկավար Ազատական Կուսակցութեան (Ռ.Ա.Կ.) վերին մարմինների ներկայացուցիչները՝ Ալեքսան Քէօշկէրեան, Մկրտիչ Մկրտիչեանը և Աւետիս Տագէսեանը դեկտեմբերի 23-ի գիշերը խորհրդակցական հանդիպում են ունեցել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչության համաատենապետները՝ Ստեփան Տեր-Պետրոսեանը և Գրիգոր Մահսերէճեանը: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Վեհափառ Հայրապետը ներկայացուց ազերիներուն կողմէ Արցախը Հայաստանին կապող միջանցքին փակման գծով միջազգային մամուլին իր կատարած յայտարարութիւնը և այդ ուղղութեամբ հաստատած կապերը՝ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական շրջանակներէն ներս, ինչպէս նաև յիշեալ շրջանակներուն կատարած թէ՛ դատապարտումի արտայայտութիւնները և թէ՛ դիւանագիտական աշխատանքները: Նորին Ս. Օծութիւնը նաև անդրադարձաւ Արցախի նախագահին և պետական նախարարին հետ ունեցած իր հեռաձայնային զրոյցին, Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդներուն կատարած թելադրութիւններուն և այլ աշխատանքներու՝ շեշտելով հաւաքական ճիգով Սփիւռքէն ներս մեր բողոքը արտայայտելու հրամայականը և միջազգային համայնքին պարզելու Բերձորի միջանցքին փակման ստեղծած յատկապէս մարդասիրական ծանր հետևանքները և անոր շուտափոյթ վերաբացման անհրաժեշտութիւնը:

Վեհափառ Հայրապետը ապա կոչ ուղղեց համասփիւռքեան մաշտապով և բոլոր համայնքներու, կուսակցութիւններու, մարմիններու և մեր ժողովուրդի զաւակներու մասնակցութեամբ, հաւաքական կեցուածք ճշդելու, դատապարտումի ձայն բարձրացնելու և միջանցքին շուտափոյթ վերաբացումը պահանջելու կարևորութիւնը: Այս ծիրէն ներս Հայրապետը ընդգծեց երեք կուսակցութիւններուն կարևոր դերը:

Ներկաները խօսք առնելով՝ ողջունեցին Վեհափառ Հայրապետին տարած աշխատանքները ու բաժնեցին անոր մտահոգութիւններն ու տեսակէտները՝ շեշտելով համահայկական ճիգով ու միջ-կուսակցական գործակցութեամբ Սփիւռքի բոլոր գաղութներէն ներս կազմակերպուելու և ազդու միջոցներով ու գաղութներու շրջապատին համապատասխան մօտեցումով մեր հաւաքական բողոքը արտայայտելու անյետաձգելի անհրաժեշտութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ: