Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«92-ի նախատոնական օրն ավելի տրամադրող էր». Սենոր Հասրաթյան

«92-ի նախատոնական օրն ավելի տրամադրող էր». Սենոր Հասրաթյան
238
Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 21:30

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Փողոցում հանդիպում եմ ծանոթ-անծանոթների... Բարևում են, ապա խամրած աչքերով ու կարկամած ձայնով, զգում եմ, փորձում են շնորհավորանքի նման ինչ-որ բան ասել, բայց նկատելով հայացքիս ոչ տոնական ելևեջները՝ կա՛մ շարունակում են ճանապարհը, կա՛մ պարզապես հարցնում՝ ո՞նց եք... Իսկ ես, իմ սովորության համաձայն, պատասխանում եմ՝ ոնց ասեք... Հաշված ժամեր անց հերթական տարին կավարտվի, իսկ ես շարունակում եմ քայլել... Թվում է, թե իմ հետ քայլում է նաև մայթը, ճանապարհը, փողոցը... Փորձում եմ հիշել, թե իմ կյանքում էլի երբ է եղել այսպիսի դժվար ու տխուր դեկտեմբերի 31 և մտաբերում եմ 1992-ը, երբ բռնազավթված էր Շահումյանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը, թշնամու վերահսկողության տակ էին Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ գյուղեր, փակման վտանգի տակ էր Բերձորի միջանցքը...

... Զուգահեռում եմ այսօրվա վիճակն ուղիղ 30 տարի առաջ ստեղծված վիճակի հետ և համոզվում, որ 92-ի նախատոնական օրն ավելի տրամադրող էր, քան հիմա, որովհետև այն ժամանակ մենք գիտեինք՝ ինչ ենք անում և ուր ենք գնում, իսկ այսօր՝ համատարած քաոս է և անորոշություն...»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան