Առողջապահական փաթեթի համար քաղաքացիները տարեկան կվճարեն 150-200 հազար դրամ
279 Երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ., 21:54 Հայաստանում այս տարվանից ներդրվում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Սկզբում այն կգործի նախապատրաստական փուլով, հաջորդ երեք տարիներին՝ 2024-2026 թվականներին, կլինի փորձարկման փուլը, իսկ արդեն չորրորդ տարվանից՝ 2027 թ-ից, կներդրվի ամբողջությամբ։ ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը հունվարի 11-26-ը դրվել էր հանրային քննարկման Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: ՀՀ կառավարությունն էլ վերջին նիստի ժամանակ ընդունեց այն: Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի խոսքով՝ այս համակարգի հիմնական նպատակը բնակչությանը հնարավորություն տալն է օգտվել առողջապահության որոշակի ծառայություններից։ Ըստ նրա՝ մեր երկրում նման համակարգի ներդրումը շատ կարևոր է, որովհետև տարբեր սոցիալական խմբերում ներառված մարդիկ երբեմն հնարավորություն չեն ունենում, կամ էլ եղած հնարավորությունը փոքր է օգտվելու առողջապահական ծառայություններից: Այդ պատկերը պարզ երևում է նաև նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ որի՝ բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։ Ըստ ներկայացված ուսումնասիրության՝ Հայաստանը նաև ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից: «Մեզ մոտ առողջապահական ինչ-որ ծրագրից օգտվելու համար մարդիկ ունենում են եկամուտների մեծ կորուստ։ Դրանք աղետալի ծախսեր են, որոնք նպաստում են ընտանիքների աղքատացմանը։ Հիմա քաղաքացին ստիպված չի լինի որևէ ծառայության դիմաց վճարել, դրա փոխարեն կվճարի ապահովագրական ընկերությունը։ Անձն էլ մաս-մաս է ընկերությանը վճարում կատարելու։ Ֆինանսական պատճառներից ելնելով՝ շատ մարդիկ չեն դիմում բժշկի։ Ուսումնասիրության ընթացքում հարցումները ցույց են տվել, որ 60 տոկոսը անձանց զբաղվում է ինքնաբուժությամբ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խարազյանը։ Ներդրման առաջին փուլով, այսինքն՝ այս տարի, կսահմանվեն յուրաքանչյուր փուլում ԱՀԱ-ում ընդգրկվող բնակչության խմբերը, կպատրաստվեն վերջիններիս տվյալների բազաները, կիրականացվի դրանց նույնականացումը այլ տվյալների բազաների հետ, ինչպես նաև էլեկտրոնային ապահովագրական պոլիսների թողարկումը։ Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը: 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական: 2024 թվականից կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ, և կսկսվի արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում այլ ցանկացողների ներառման գործընթացը: ԱՀԱ-ում կընդգրկվեն պետության կողմից սահմանված բնակչության խմբերը, այդ թվում՝ նպաստի համակարգում ընդգրկված և 28,01 և ավելի միավոր ունեցող ընտանիքի անդամներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկան երեխաներ, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված այլ անձինք, սոցիալական փաթեթում ընդգրկված շահառուներ։ Փորձարկման փուլի 2-րդ տարվա ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության խմբերին կմիանան նաև 63 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ 2025 թվականին պետությունը կներառի թոշակառուներին՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության կարիք ունեցող խմբի, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից: 2027 թվականից արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար: Ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը կարևորում է՝ ծառայությունները ընտրվել են այնպես, որ մարդիկ ֆինանսապես պաշտպանված լինեն։ Փորձ է արվում նաև վերականգնել բնակչության շրջանում բժշկին այցելելու մշակույթը, քանի որ ինքնաբուժությամբ զբաղվողների տոկոսը ցույց է տալիս, որ մարդիկ չեն այցելում առողջապահական որևէ օղակ։ Ապահովագրական վճարի չափ նոր փաստաթղթում հստակեցված չէ։ Ապահովագրման աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքով՝ դեռևս 2019 թվականին արվել էին հաշվարկներ, սակայն համավարկն ու պատերազմը ամեն ինչ փոխել են։ Այնուամենայնիվ, նախնական գնահատականով՝ յուրաքանչյուր քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ: Այդուհանդերձ, թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի: «Ընդհանուր առմամբ՝ պետությունը որդեգրել է քաղաքականություն՝ ամբողջությամբ կամ մասնակի սուբսիդավորել այդ վճարները։ Սուբսիդավորման համար մենք պետք է կիրառենք սոցիալական ռիսկերի հավասարակշռման մեխանիզմները, որոնք հիմնված են լինելու քաղաքացու տարիքից, եկամտի չափից։ 2024 թվականից փորձնական փուլի առաջին տարվա ընթացքում մինչև 18 տարեկանների ապահովագրման վճարը ամբողջությամբ նախատեսվում է, որ կփոխհատուցի պետությունը, 2025 թվականից այդ խմբին կմիանան 63 և բարձր տարիքի անձինք։ Եկամտի հետ կապված ռիսկերը հավասարակշռելու համար պետք է դիտարկենք նաև ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այսինքն, ըստ այդմ, պետությունը կորոշի այն չափը, որքանը որ պետք է սուբսիդավորի»,- ասում է նա։ Բացի դրանից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է կատարել հաշմանդամության կարգի որոշման համակարգում, այսուհետև իրականցվելու է անձի ֆունկցիոնալության գնահատում։ Ըստ այդմ՝ որոշվելու է, թե տվյալ անձին ինչպիսի ծառայություններ են անհրաժեշտ։ Գերատեսչությունը առողջապահության նախարարությանն է տրամադրելու այդ անձանց ցուցակը, և պետությունը կդիտարկի՝ տվյալ անձանց ապահովագրական վճարը ամբողջակա՞ն, թե՞ մասնակի սուբսիդավորի։ Այսինքն՝ պետությունը պետք է ունենա հիմնական ընտրության սկզբունքներ։ Կա՛մ անձը պետք է ընդգրկված լինի սոցիալական աջակցության որևէ համակարգում, կա՛մ էլ եկամուտների հավատարմագրման համակարգում, նշում է առողջապահության ներկայացուցիչը, այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի պետության համար իրականացնել սուբսիդավորման քաղաքականությունը։ Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամն ասում է՝ հիմնադրամը նախատեսվում է, որ սկսելու է գործել այս տարվա ընթացքում։ Դրա հիմնական գործառույթը լինելու է փարատելու որոշ կասկածները, որոնք տարբեր շրջանակներ վեր են հանում․ «Ամեն ինչ թափանցիկ կլինի, որպեսզի ցույց տանք, որ զերծ է կոռուպցիոն ռիսկերից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Առաջարկվում է արգելել մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը
23827.11.2024, 12:00«ԱՆ փոխնախարարը խոստովանում էր, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը ձախողված է»․ Անուշ Պողոսյան
23927.11.2024, 11:00Ինչո՞ւ չի կարելի շատ մանդարին ուտել
59226.11.2024, 20:48«Հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերն ավելացել են». Աննա Մերգելյան (տեսանյութ)
45025.11.2024, 14:12«Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ». Անուշ Պողոսյան
43124.11.2024, 16:12«Առողջապահության ապահովագրությանը պատրաստ կլինենք, երբ դեմներս տեսադաշտ լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
51723.11.2024, 00:48«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան
52622.11.2024, 20:48«Դեղատները բողոքում են՝ բժիշկներն էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրում». Նարինե Ղալեչյան
47422.11.2024, 13:54