Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սա հիշեցնում է սովետական տարիների «տակից ծախելու» արատավոր երևույթը». Նաիրի Հոխիկյան

«Սա հիշեցնում է սովետական տարիների «տակից ծախելու» արատավոր երևույթը». Նաիրի Հոխիկյան
319
Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 16:06

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախի շրջափակման պայմաններում հաճախ մենք ականատես ենք լինում սոցիալական անհավասարության խնդիրների ոչ միայն պաշտոնյաների, այլև առաջին հերթին հենց սովորական մարդկանց կողմից։

Խանութների տերերը կամ աշխատողները հաճախ ապրանքը պահում են իրենց ծանոթ-բարեկամների համար՝ ուրիշներին ասելով, թե վերջացել է։ Սա հիշեցնում է սովետական տարիների «տակից ծախելու» արատավոր երևույթը, որի մասին այդքան վատ հուշեր ունենք բոլորս։

Դիմում եմ խանութների տերերին ու աշխատողներին։

Սիրելի հայրենակիցներ, այս նավը հանկարծ եթե խորտակվի, հավասարապես կործանվելու են և՛ բանանը թաքուն տանող ձեր ծանոթը, և՛ այն մարդը, ում երեխաները շաբաթներ շարունակ բանան են ուզում, ու ձեր պատճառով զրկվել են դրանից։

Աստված մի արասցե, եթե կորցնենք Արցախը, անտուն են մնալու բոլորը, եթե նույնիսկ մի քանի հոգու դուք տակից մանդարին եք ծախել, հավանաբար նաև թանկ գնով։

Հաճախ բողոքների դեպքում նույն այդ աշխատողները ասում են՝ լավ ենք անում, դուրներդ չի գալիս, մի եկեք այստեղ։

Սիրելիներ, մենք ունենք մեկ թշնամի, ու նա հաստատ ձեր մեջ չի։ Թշնամանք մի տածեք իրար նկատմամբ, օգնեք իրար, մի օր էլ ձեր բաժինը տվեք ուրիշին։

Սա մեր, բոլորիս հայրենիքն է, որտեղ ամեն մարդ թանկ ու հարազատ է։

Շրջափակումը կհաղթահարենք, վաղ թե ուշ թշնամուն էլ կհաղթենք, մեր Արցախը անպայման էլի կշենացնենք։ Այնպես արեք, որ հետո կարողանաք իրար աչքերի մեջ նայել»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան