Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե չես ուզում Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան». Հակոբ Հակոբյան

«Եթե չես ուզում Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան». Հակոբ Հակոբյան
333
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 00:12

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արդեն երկար ժամանակ է ինչ, կեղծ քաղաքական օրակարգերը դարձել են մեր կյանքի անբաժան մաս, քանզի իշխանական վերնախավը լավ է հասկացել, որ մարդկային ուղեղը սովոր է իրականությունն ընկալել վերջինիս պարզեցված տեսքով։ Սեփական իշխանությունը պահելու համար այս հնարքը դեռևս հնուց, հաճախակի օգտագործվել է ապիկար իշխանավորների կողմից՝ դաշտ նետել իրականությունը կոծկող այլ քաղաքական օրակարգեր, կեղծ երկընտրանքի և վախի կառավարման միջոցով իշխանության գալու կամ այն երկարաձգելու համար: «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ասում էր ՀՀ ներկայիս վարչապետը, «քանի որ ընտրության հնարավորություն չկա, ես կմնամ նախագահ՝ այսինքն կա՛մ ես կմնամ նախագահ, կա՛մ Արցախը նախագահ չի ունենա» - ասում էր ԱՀ ներկայիս նախագահը կործանիչ պարտությունից հետո: Իսկ հիմա հորինել են նոր կեղծ օրակարգ՝ «Կա՛մ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, կա՛մ Արցախը մնալու է շրջափակման մեջ, առանց լույս, առանց գազ»: Սա ավելի ծանր դեպք է՝ գրեթե ճշմարտանման: Սակայն մեծ բանիմացություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվում որևէ պաշտոնյայի գնալ-չգնալով: Պարզ է նաև, որ եթե չես ուզում Ավարայր կամ Սարդարապատ, ստանալու ես Նախիջևան»»:

Աղբյուրը`   Հակոբ Հակոբյան