Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Փաշինյանն ի վիճակի չէ դիմադրելու, իսկ Ալիևը չի պատրաստվում կանգ առնել». ադրբեջանագետ

«Փաշինյանն ի վիճակի չէ դիմադրելու, իսկ Ալիևը չի պատրաստվում կանգ առնել». ադրբեջանագետ
314
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 23:48

Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ երեկ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և հայկական կողմի առաջարկները փոխանցել են ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

«Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Իսկ թե որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի նկարագրած իդիլիական այս սցենարը՝ հարցի պատասխանը 168.am-ը լսել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից:

«Իրատեսության պարունակությունն այդտեղ 0 տոկոս է, որովհետև չկա որևէ փաստաթուղթ և ուժ, որը կարող է երաշխիք դառնալ Ադրբեջանի ագրեսիան սանձահարելու համար,- ի պատասխան՝ նշեց ադրբեջանագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը և նշել, որ իրենց նախապայմաններից ոչ մի միլիմետր չեն հեռանալու,- մեզ համար ամենախոցելին Արցախն Ադրբեջանի կազմ հանձնելու կետն է և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը: Իսկ դա արդեն խոսում է հետագա ագրեսիայի մասին, որովհետև Ադրբեջանը դիրքավորվելու է առավել բարենպաստ կետերում և հեշտուհանգիստ շարունակելու է Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացումը:

Ես չգիտեմ՝ ի՞նչ է երևակայում Փաշինյանը՝ «երաշխիք» ասելով, բայց ճանաչելով Ադրբեջանը և Փաշինյանին՝ վստահ եմ, որ ոչ մի երաշխիք չի պարունակելու այդ փաստաթուղթը, որովհետև Փաշինյանն ի վիճակի չէ դիմադրել, իսկ Ալիևը չի պատրաստվում կանգ առնել»: