Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում. Միրզոյանի ելույթը Ժնևում

ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում. Միրզոյանի ելույթը Ժնևում
245
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 19:24

ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում. Արարատ Միրզոյան

Ժնևում գտնվող՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով:

Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին՝ պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ սա նրա՝ ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի պաշտոնում առաջին Խորհրդի նիստն է:

Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։ Այս տարի կրկին Հայաստանը տարածաշրջանում ստացել է ամենաբարձր վարկանիշները՝ ըստ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշի և «Economist Intelligence Unit»-ի Ժողովրդավարության ցուցանիշի:

Լինելով Մարդու իրավունքների խորհրդի՝ այդ թվում՝ 2022 թվականին Բյուրոյի անդամ՝ Հայաստանը ձգտել է զգալի ներդրում ունենալ աշխարհում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում: Կցանկանայի հատկապես ընդգծել Հայաստանի ներդրումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն պետություններից յուրաքանչյուրին, որոնք աջակցել են 2022 թվականին Հայաստանի կողմից ներկայացված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի կոնսենսուսային ընդունմանը։

2023 թվականին մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակը, որը մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է՝ ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդող օրն ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Նման հաջորդականությունն ամենևին պատահական չէր, քանի որ դա մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ամենադաժան պատերազմին հաջորդող ժաանակաշրջանն էր: Այդ երկու փաստաթղթերը ՄԱԿ մարդու իրավունքների ճարտարապետության ամուր հիմքը դրեցին: