Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Գերմանիան ասաց Ադրբեջանին՝ Արցախի բնակիչների պահանջները չե՛ս կարող անտեսել». Իրինա Ղուլինյան-Գերց

«Գերմանիան ասաց Ադրբեջանին՝ Արցախի բնակիչների պահանջները չե՛ս կարող անտեսել». Իրինա Ղուլինյան-Գերց
357
Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 21:12

Fаctor TV-ի հարցազրույցը ԵՄ և հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան-Գերցի հետ

- Երկօրյա այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, ինչպես նաև Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Տիկի՛ն Ղուլինյան, հետևել եք հայաստանցի պաշտոնյաների այցին, ականատես եք եղել հանդիպումներին և մասնակցել եք քննարկմանը։ Հատկապես ո՞ր հարցին ուշադրություն դարձրին Գերմանիայում Փաշինյանի այս այցի ժամանակ, Դուք ի՞նչ դրվագ կառանձնացնեք։

-Նախ՝ պետք է դիտարկենք, թե համաեվրոպական քաղաքական ուղղությունների վերափոխման ինչ իրավիճակում այս այցը կայացավ։ Բավականին հաճախակիացել են ՀՀ-ից Գերմանիա այցերը, պետք է հասկանալ, թե այդ ինտենսիվ այցերն ինչ արդյունքի կարող են բերել, ինչ համատեքստում է այս ամենը կատարվում։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին մեծամասշտաբ փոփոխություններ են կատարվում ԵՄ անդամ առանձին երկրների և Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքական ուղղություններում։ Այս այցերի ընթացքում պետք է հասկանալ, թե որքանով Հայաստանին կհաջողվի հայկական շահերը ներհյուսել վերափոխումների մեջ, որովհետև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոքր երկրները սովորական պայմաններում չեն կարող իրենց շահերն այն աստիճան ինտենսիվ ներկայացնել, որքան մեծ երկրները, դրա համար փոքր երկրներն իրենց շահերը պետք է միահյուսեն մեծ խաղացողների շահերի հետ և ինչ որ չափով առաջ մղեն։ ՀՀ-ից այցերը լավ առիթից չէ, որ շատացել են, դրանք ավելացել են 2020 թվականի պատերազմից հետո և հետագայում նաև սահմանին վայրիվերումներից հետո։ Պետք է հասկանալ, թե ինչ կարող է անել Հայաստանը․ առաջինը՝ պետք է հաճախ կառուցավորված ներկայացնի իր պատկերացումները, և պետք է խուսափի ԵՄ հասցեին մեղադրական խոսքով հանդես գալուց։ Այդ մեղադրանքերը դժվար է լսել, եթե չեն հնչում լուծումներ, առաջարկներ։ Կարելի է ասել, որ վերջին այցերով պայմնավորված՝ ինչ-որ փոփոխություն նկատվում է․ արտաքին քաղաքական խոսույթում Հայաստանի թեման տեղ է զբաղեցրել՝ որպես խնդիր, որի շուրջ ինչ-որ լուծումեր պետք է գտնվեն։ Դա կարելի է առաջին քայլ համարել։ Իհարկե, որքանով այս իրավիճակը կկարողանան օգտագործել հայաստանյան իշխանությունները, դա հարցի բոլորովին այլ կողմն է։ Հաշվի առնելով ոչ միայն հրապարակային, այլ նաև կուլիսներից այն կողմ հնչող խոսակցությունները՝ տպավորություն է, որ ակնհայտորեն թեմաներ փոխանցվել են, որովհետև դրա արտացոլումը տեսնում ենք ոչ միայն կանցլերի խոսքում, այլ նաև վերջին շրջանում ընդհանրապես արտաքին քաղաքական խոսույթում։ Թե ինչպես դա կարելի է զարգացնել, պետք է ոչ սպոնտան կերպով անել, այլ կշռադատված՝ իմանալ ինչն ինչի համար ենք անում և մինչև որտեղ է հնարավորի սահմանը։ Հուսով եմ՝ այդ ամենի հաշվարկները կան։ Սա հնարավորություն է առանց ընդմիջումների Գերմանիայի հետ հարաբերությունները շարունակելու։

Մանրամասները՝ տեսանյութում

«Գերմանիան ասաց Ադրբեջանին՝ Արցախի բնակիչների պահանջները չե՛ս կարող անտեսել». Իրինա Ղուլինյան-Գերց