Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բաքուն Ստեփանակերտին վերջնագիր է ներկայացրել». Հայկ Մարտիրոսյան

«Բաքուն Ստեփանակերտին վերջնագիր է ներկայացրել». Հայկ Մարտիրոսյան
640
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 20:12

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Բաքուն Ստեփանակերտին վերջնագիր է ներկայացրել: Կա´մ «լիակատար ինտեգրացիա» Ադրբեջանի կազմում, կա´մ «կտրուկ քայլեր», որ նշանակում է կա´մ լիակատար անձնատուր լինել, կա´մ առերեսվել յաթաղանին:
Քանի որ Հայաստանը պաշտոնապես և հայ ժողովուրդը մտապես համարում է, որ Արցախն Ադրբեջանի օրինական մաս է և բռնագրավվել էր Հայաստանի կողմից և ոչ մի կերպ ոչ ոք, ոչ Հայաստանում և ոչ էլ ողորմելի սփյուռքում կազմակերպությունների մակարդակով չի ընդունում, ուղղակիորեն ատում է այն փաստը, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության մաս է (հիշեցնեմ, որ Ազգերի Լիգայի Հայաստանանպաստ զեկույցը, որ Հայաստանի արևելյան սահմաններն է որոշում՝ հայերի համար ատելի, ծիծաղելի, մի ոչնչական թղթի կտոր է) աշխարհում կամ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նոր հարձակմանը քիչ արձագանք է լինելու: Բռնությունը կդատապարտեն, բայց եթե հայերն իրենք են պնդում, որ Արցախն Ադրբեջան է, ապա Ադրբեջանի կողմից «իր օրինական տարածքների ազատագրումը» չի կարող դիտվել որպես ագրեսիա:
Ընդհանուր առմամբ, քանի որ հայկական դիրքորոշումն այսպիսին է, Արցախի վերջին ծվեն-կտորիկը ոչ մի շանս չունի Ադրբեջանին լիովին «չինտեգրվելու»:
Դրան զուգահեռ Բաքուն այսօր բարձրաձայնել է «Արևմտյան Ադրբեջան», իմա՝ Սյունիք ադրբեջանցիների «վերադարձի» անխուսափելիության մասին: «Փախստականների» մասին է խոսքը:
Դա ապահովելու է Նիկոլ Փաշինյանը: Անկասկած ապահովելու է:
Երրորդ կետով ՄԱԿ դատարանում Ադրբեջանը ռազմավարական հաղթանակ է արձանագրելու՝ ահռելի տուգանքների հասնելու տեսքով, որոնք առաջարկվելու է վճարել երկրի ու հողի տեսքով:
Մինչև Բաքուն չվերացնի հայկական պետությունը (խոսքը Երևանի վերահսկողության տակ տարածքների մասին է: Արցախի կեղծ ու փուչ «պետությունը» հայկական առանձին պետություն չէր), չի կանգնելու:
Դա անելու է ռազմական, դեմոգրաֆիական, այսինքն բնակչություն Հայաստանում հաստատելու, դատական և իրավական ճանապարհներով: Այսինքն, գրավման բոլոր գործիքակազմերով:
Կասկած չունեմ, որ Հայաստանում մոտեցումների ու խելքի այսպես մնալու պարագայում թշնամին ողբերգականորեն լիովին հաջողելու է:
Բացառված չէ, որ առաջիկա անխուսափելի նոր ահավոր աղետից հետո այս ժողովուրդը մի փոքր կշարժվի: Չունեմ նաև կասկած, որ դրա արդյունքում անպայմանորեն կփորձի խաղալ Մոսկվայի խաղը և նրանց դրածո նախկիններին բերել իշխանության, որ ավարտեն Նիկոլ Փաշինյանի գործը: Ավելիին այս զանգվածն ուղղակի ունակ չէ:
Ունակ չէ, որովհետև անհավատալիորեն, անբացատրելիորեն այս ժողովուրդն ատում է իր իրավունքները, ատում է նրանց ու ծաղրում և ծանակում է նրանց, որ նրան ելքի միակ փրկարար ուղին են ցույց տալիս, որ ասում են, որ Հայաստանի Հանրապետության օրինական, միջազգայնորեն ճանաչված սահմանները շատ ավելի մեծ են քան Ստալինի որոշածը և որ դրանք ներառում են Արցախը:
Այս ժողովուրդն ատում է ապրելու իր միակ փրկօղակը: Թքում է դրա վրա, ակտիվորեն քանդում այն, այրում խեղդում այն:
Այս ժողովուրդը չգիտե, թե ինչ է ուզում, որևէ ուղի չունի, որևէ կամք չի դրսևորում, որևէ պատկերացում չունի իր անելիքների և անհրաժեշտ քայլերի մասին և ընդհանրապես թքած ունի Հայաստանի և ինքն իր վրա:
Լափելն է մեր առաջնահերթությունը, «տուն պահելը» և անասունի պես խաղաղ որոճալը: Մինչև մեզ սպանդանոց կառաջնորդեն՝ որպես երազանքի առարկա պարարտ ու անուղեղ մսացու:
Կա՞ արդյոք առավել զզվելի, առավել եղկելի, առավել ողորմելի, առավել անուղեղ, առավել ոչնչական մեկ այլ այսպիսի հասարակություն աշխարհում:
Չկա:
Ասում եք ժողովուրդը մեղք չունի՞: Ժողովուրդը չկա, որ մեղք էլ ունենա: Կա անուղեղ, չտեսնող, չլսող չխոսող ամբոխ, որ թշնամու լավագույն դաշնակիցն է: Թշնամու լավագույն ստրուկը: Թշնամու լավագույն ու պատմության մեջ միակ նվիրատուն: Միակ խայտառակությունը նորագույն պատմության մեջ»: