Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
183
Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 19:06

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել Արբահամյանի նկատմամբ։
ՀՀ նախկին վարչապետն, ըստ մեղադրանքի, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Ըստ գործի՝ օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 230 մլն 400 հազար դրամը: Հսկող դատախազը որոշում է կայացրել Հ.Ա.-ի նկատմամբ 18.03.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: