Երկուշաբթի, 15 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ինչ ցանել ես 2018-ից, այն էլ հնձում ես 2020-ից». Արսեն Ջուլֆալակյան

«Ինչ ցանել ես 2018-ից, այն էլ հնձում ես 2020-ից». Արսեն Ջուլֆալակյան
321
Շաբաթ, 27 մայիսի, 2023 թ., 02:06

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Միջազգային հարաբերությունների վերաբերյալ մի փոքր լիկբեզ.
երբ Հայաստանում իշխող պատուհաս քաղ. ուժի տարբեր աջակիցներ՝ քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ, տարբեր ոլորտի հայտնի մարդիկ «խելացի և անմեղ» հայացքով հարց են տալիս
* իսկ ու՞ր են մեր դաշնակիցները( հիմնականում նկատի ունեն Ռուսաստանին, իհարկե)
* ինչու՞ դաշնակցային հարաբերությունների այս կամ այն կետը չեն կատարում
* ի՞նչ անեն ստեղծված պայմաններում: Օրինակ, դու ինքդ ի՞նչ կանեիր, եթե որոշում կայացնողը լինեիր…
Պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են տարիներով-տասնամյակներով, բայց կարող են ավերվել շատ կարճ ժամանակում:
Վերջին 5 տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի համար կարևոր բոլոր երկրների հետ հարաբերությունների մակարդակը իջեցրել են (Թուրքիան և Ադրբեջանն այլ թեմա է...):
Այն, ինչ արվել է ռազմավարական միակ դաշնակցի հետ հարաբերություններում, կաներ միայն Հայաստանի թշնամի երկիրը:
Հիշեք, ընդամենը գործող իշխանության առաջին քայլը՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխ. քարտուղարի պաշտոնից հետ կանչ (2018թ նոյեմբեր) և քրեական մեղադրանքի առաջադրում… Տասնյակներով կարելի է թվարկել հակադաշնակցային քայլերը:
Հիմա գալ և խոսել 2023թ-ից, կարծես թե դրան չեն նախորդել 5 տարվա հարաբերությունների ավիրումը, մեղմ ասած խեղկատակություն է:
Ընդ որում, դա արվել է ոչ թե ապիկարությունից, այլ մտածված:
Օրինակ, երբ Հայաստանի օրենսդիրը պատահական հակառուսական բանաձևի օգտին էր քվեարկում Եվրախորհրդարանում (2019թ)՝ իբր շփոթելով կոճակները, կամ ուշանում էր կարևոր քվեարկությունից... ոչ թե նրանից էր, որ հիմար է, սեղմակների տեղերը չի տարբերում, այլ այդպիսին էր պատվերը…
Իսկ Մոսկվայում Երևանի դեսպա՞նը: Ի՞նչ եք նրանից ակնկալում: Եվ դա ռազմավարական դաշնակից երկրում...
Նույնն արվել է Իրանի հետ («բռնապետական»՝ ըստ քպ բառապաշարի…): Միջազգային նման հարաբերություններ վարող երկրի հետ միանշանակ է, որ Իրանը կունենա անվստահության բարձրագույն մակարդակ...
Իսկ ո՞վ է գերտերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը: Հնարավո՞ր է արդյոք նրա միջոցով որևէ հաջողություն գրանցել միջազգային հարաբերություններում...
Ո՞վ է ՀՀ գլխավոր բանակցողը՝ արտաքին գործերի նախարարը:
Իսկ փոխարտգործնախարա՞րը...Ի՞նչ կապ ունեն նրանք դիվանագիտության հետ:
Ազգային ժողովի նախագահն՝ իր պառլամենտական դիվանագիտությամբ: Երբ անձի ինքնակենսագրականում մինչև 2018թ ամենալուսավոր կետը եղել է ակվարիումի ձկնիկ լինելը և աթոռի վրա կապված ծեծ ուտելը,2023թ-ից էլ քաղաքացիների վրա թքելը, դժվար է պատկերացնել, թե ինչքան լուրջ կվերաբերեն նմանին օրինակ Ֆրանսիայի պառլամենտում..
Անվտանգության խորհրդի քարտուղար-ԱԽՔ: Ո՞վ է այդ անձնավորությունը: Իսկ նա այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը վարող հիմնական դերակատարներից է: Ըստ ձեզ, միջազգային դերակատարները չգիտեն՝ ու՞մ հետ գործ ունեն:
Հասկանու՞մ եք արդյոք, որ միջ. հարաբերություններում մանրուքներ չկան: Ամեն ինչն է կարևոր. բանակցողի անցած ուղին, փորձը, գիտելիքները, հեղինակությունը, պահվածքը, արտաքին տեսքը և այլն:
Գրեթե անհնար է հաջողել պետության համար ճակատագրական բանակցություններում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը տարիքով ավելի փոքր է, քան հակառակ կողմը ներկայացնողի աշխատանքային ստաժը...
Այսպիսին են Հայաստանի վարած այսօրվա միջազգային հարաբերությունները:
Գոյություն ունի պատճառահետևանքային կապ: «Ինչ ցանել ես 2018-ից, այն էլ հնձում ես 2020-ից»
Այնպես որ, ամեն բան օրինաչափ է:
հ.գ. նկարում Գերմանիայի կանցլեր Բիսմարկն է (1871-1890)՝ դիվանագետի փայլուն օրինակ»: