«Դեղձավան գյուղի վարչական հողերից 50 հա հողատարածք մնացել է հայ-վրացական սահման համարվող փշալարից անդին». Ո. Սարգսյան
361
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 21:42
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեղձավան գյուղի վարչական հողերից 50 հեկտար հողատարածք մնացել է հայ-վրացական սահման համարվող փշալարից անդին 2006 թվականին հայ-վրացական սահմանագծում անելիս Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղի վարչական հողերից 50 հեկտար հողատարածք մնացել է փշալարից անդին։ Այդ 50 հեկտարից 5,2 հեկտարը Դեղձավան գյուղի 19 բնակիչների սեփականությունն է, 4,4 հեկտարը համայնքային սեփականություն հանդիսացող վարելահող է, մոտ 40,4 հեկտարը՝ համայնքային սեփականության արոտավայրեր։ Ցանկապատված հատվածի աջ և ձախ կողմերում առաջացել է 15 մետր լայնությամբ սահմանային շերտ, որը որոշ հատվածներում կիսել է դեղձավանցի հողի սեփականատերերի հողատարածքները և գործնականում անհնար դարձրել հողերի մշակման աշխատանքները։ Այդ չմշակվող հողերի համար ոչ հողի սեփականատերերը, ոչ էլ համայնքը դրամական փոխհատուցում չեն ստացել, այդ հողերը համայնքի հաշվեկշռից դուրս չեն գրվել։ Դեղձավան բնակավայրի վարչական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը հայտնեց, որ 2006-ից մինչև 2008թվականը նշված հողատարածքների և այլ հողերի հարկերի պարտքերը 2012թվականին ընդունված «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքով ներվեցին։ Դեղձավանի վարչական ղեկավար Յուրի Հովհաննիսյանի բացատրագրի հիման վրա Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանին Դեղձավանի վերհոիշյալ հողերի սեփականատեր, հարկային արտոնություն ստացած 19 բնակիչների փոխարեն 2022 և 2023 թվականների համար հաշվարկված հողկի հարկը՝ յուրաքանչյուր տարի 33 հազար 557 դրամ, վճարել է Նոյեմբերյան խոշոր համայնքի բյուջեից։ Դեղձավանի համայնքապետարանը 2006-2012 թվականներին դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ԱԱԾ, որպեսզի այդ հողերի հարցին լուծում տրվի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Դեղձավանի համայնքապետարանին առաջարկել է գյուղի համարժեք հողերով փոխհատուցել այդ հողերի սեփականատերերին։ Յուրի Հովհաննիսյանը նույնպես սեփական հողամաս ունի նշված, սահմանային հատվածում։ Նա հայտնեց, որ Դեղձավանը համարժեք հողամասեր չունի, համայնքի պահուստային հողատարածքները կամ ավելի ցածրարժեք են՝ ոռոգելի չեն, կամ էլ 25 տարի ժամկետով վարձակալությամբ են տրված։ Դեղձավանի համայնքապետարանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը առաջարկել է այդ 50 հեկտար տարածքը հանրային գերակա շահ ճանաչել և դրա դիմաց փոխհատուցել Դեղձավանի բնակիչներին։ Նախարարությունից պատասխանել են, որ այդ հողատարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, գյուղացիներին կարող են անցագրով անցնել փաստացի սահմանը և մշակել իրենց հողերը։ Սակայն Դեղձավանի բնակիչներն ասում են, որ չեն կարող անցնել իրենց հողով ձգվող փշալարը և 15 մետր լայնությամբ ճանապարհը, որին մոտենալ չի թույլատրվում։ Վերոհիշյալ 50 հեկտարից ավելի քան 40 հեկտարը արոտավայր է, որից զրկվել է սակավահող Դեղձավան գյուղը։ Եթե տարիներ առաջ Դեղձավանի բնակիչները շուրջ 200 խոշոր եղջերավոր աասուն էին պահում, արոտավայրի պակասության պատճառով այժմ շուրջ 40 գլուխ են պահում»։