Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից բերված փողերով. Սամվել Ղուկասյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

Ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից բերված փողերով. Սամվել Ղուկասյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
379
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 09:12

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աղմկոտ պատմություններով հայտնի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ըստ պաշտոնական տվյալների, իր անունով ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ավտոմեքենա։ Նա Հայաստանում գտնվում է պատկերավոր ասած «հյուրախաղերով»:
Բանն այն է, որ թաղապետ Սամվել Ղուկասյանը նախկինում ապրել է ԱՄՆ-ում և միայն վերջերս է Հայաստան եկել՝ նշանակվելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ նախկինում Ղուկասյանը Հայաստանում ոչինչ չի ունեցել:

Միայն թաղապետ դառնալուց հետո շինարարական «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից տարվա վերջում 38 մլն 118 հազար դրամի փոխառություն է վերցրել։ Նա այդ ժամանակ արդեն վարչական շրջանի ղեկավար էր։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 73 հազար դոլար։ Այդ հիփոթեքի դիմաց նա ստացել է կառուցվող բնակելի համալիրից անշարժ գույքի գնման իրավունք։ Այսինքն՝ նորակառույց բնակելի շենքում տուն է ձեռք բերել մոտ 100 հազար դոլարով, որից 27 հազարը մեկ տարվա ընթացքում մարել է թաղապետի համեստ աշխատավարձով: Անհավանական է, իհարկե, բայց, ըստ պաշտոնական տվյալների, Սամվել Ղուկասյանը 2022 թվականին որևէ ծախս չի կատարել: Ինչպես է ապրել (ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից ուղարկված գումարներով)՝ պարզ չէ:
Համենայնդեպս, հայտարարագրում չի երևում, և չհիմնվորված ապօրինի եկամուտների կասկածներ են առաջ գալիս, որի մասով, կարծում ենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի:

Տեղեկացնենք, որ թաղապետի բանկային հաշիվներին տարվա սկզբում զրո դրամ է եղել, իսկ տարեվերջին արդեն 1 մլն դրամից ավելի գումար է գոյացել հաշվին։

Իհարկե, Սամվել Ղուկասյանը կանխիկ գումար հայտարարագրել է՝ 170 հազար դոլար և 10 մլն դրամ։ Սրանք, թերևս, ԱՄՆ-ում աշխատած գումարներն են, որոնց ծագումը չգիտենք, քանի որ մեկ տարվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի եկամուտը 6 մլն 266 հազար դրամ է կազմել, որից 1 մլն դրամը ստացել է ՊԵԿ-ից, իսկ մյուս մասն էլ նրա տարեկան աշխպատավարձն է։
Հավելենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հաճախ է հայտնվում աղմկարահույց իրադարձությունների կենտրոնում։ Օրինակ՝ 2022 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի էին ենթարկել:
Իհարկե, փորձեցինք մեկնաբանություններ լսել Սամվել Ղուկասյանից, սակայն նրա հետ զրուցելու, հարցեր ուղղելու բոլոր ջանքերը միշտ պսակվում են անհաջողությամբ»։

Մանրամասները՝ թերթի համարում: