«Հայաքվեի նախաձեռնողները պետք է գոհ լինեն իշխանության հակաքարոզչությունից». Բադալյան
539
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 17:24
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաքվեի նախաձեռնողները պետք է ոչ միայն դժգոհ չլինեն իշխանության հակաքարոզչությունից, այլ լինեն նույնիսկ գոհ՝ ելնելով հենց նախաձեռնության բնույթից: Չգիտեմ, կառավարող մեծամասնությունն ամբողջապես պատկերացնելո՞վ է իրականացնում այդ հակաքարոզչությունը, թե՞ ոչ, բայց ըստ իս, երբ Հայաքվեի նախաձեռնությունը դիտարկում են «պատերազմ բերող», դրանով խոշոր հաշվով հաստատում են իրենց առաջնորդի հասցեին այն ընդդիմախոսությունն ու մեղադրանքը, որ՝ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարելով «Արցախը Հայաստան է, և վերջ», բերել է պատերազմ, տվել է դրա մեկնարկը: Բայց դա իհարկե այդպես չէ և իրականությունն իհարկե լիովին այլ է թե այդ մեղադրանքի «հիմնավորվածության», թե Հայաքվեի հանդեպ այդպիսի քարոզչության առումով: Մինչդեռ, իշխանության հակաքարոզչությունը, հակազդեցությունը՝ բնականաբար օրենքի սահմանում, կարևոր է, որովհետև Հայաստանի համար էլ այսօր կարևոր են այդպիսի նախաձեռնությունները: Ես խնդրին տվյալ պարագայում փորձում եմ նայել քաղաքականության վերևից: Այսինքն, Հայաքվեի ինչ որ խորքային մոտիվների, հնարավոր «ականջների», ներգրավված անձանց «սրբության» կամ «մեղսագործության» աստիճանի հարցերը, որոնք ինձ մոտ էլ բազմաթիվ են, տվյալ պարագայում ստորադասում եմ Հայաստանի համար ավելի մեծ անհրաժեշտությանը: Այդ անհրաժեշտությանն եմ ստորադասում նաեւ բովանդակային բազմաթիվ հարցերը, որ կան եւ կարող են լինել նախաձեռնության ամբողջական բովանդակության շեշտադրումների և դրանց հետագա իրավա-քաղաքական սպասարկման առնչությամբ: Բայց, կրկնեմ, այդ ամենով հանդերձ, Հայաստանն այսօր ունի հնարավորինս ընդգրկուն ու համակարգային այդօրինակ նախաձեռնության-նների անհրաժեշտություն: Պետական քաղաքականությունը, իր օբյեկտիվ ու նաև սուբյեկտիվ պատճառներով հանդերձ, պետք է ունենա ինստիտուցիոնալ, համակարգային մրցակիցներ, ու քանի որ Հայաստանում գոյություն չունի դասական քաղաքական իշխանություն-ընդդիմություն սխեմա, այդ մրցակցությունը մնում է տարբեր հանրային-քաղաքական նախաձեռնությունների «հույսին: Դրանցից որևէ մեկում մի փնտրեք լուծում: Եվ ընդհանրապես, եթե անգամ ամենագեղեցիկ ձևով ու ոսկեղենիկ հայերենով, կամ որևէ առոգանությամբ որևէ մեկը ձեր համակարգչի էկրանի դիմաց լուծում է ցույց տալիս, «փոխեք ալիքը»: Այսօր չկա լուծում, ցանկանում է որևէ մեկը, թե ոչ: Համաշխարհային պատերազմ է, անորոշ հեռանկարով ու ժամկետով: Այդ պայմաններում չեն լինում ռեգիոնալ այդօրինակ կոնֆլիկտների լուծումներ, լինում են լավագույն դեպքում կառավարման մեխանիզմներ՝ աշխատող, կամ ոչ այնքան: Հենց կառավարման այդ մեխանիզմներում մեր ազդեցությունը հնարավորինս բարձրացնելու համար է մեզ պետք այլ մոտեցումների սիստեմավորումը»: