Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ռուբեն Վարդանյանը խորը մոլորության մեջ է». Տարոն Չախոյան

«Ռուբեն Վարդանյանը խորը մոլորության մեջ է». Տարոն Չախոյան
410
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 17:48

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ռուբեն Վարդանյանը պահանջում է հստակեցնել ՀՀ և ԼՂ հարաբերությունների կարգավիճակը՝ փորձելով սեպ խրել այդ հարաբերությունների ու ազգի մեջ։
Հայաստանը «թաթարստանացման» փորձերը ձախողելուց հետո վերջինս ակնհայտ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղից։
Պահանջում է նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում։ Տրամաբանական հարց է ծագում, թե ումի՞ց է պահանջում՝ ՌԴ-ի՞ց, թե՞ Ադրբեջանից։ Ռուբեն Վարդանյանը խորը մոլորության մեջ է, եթե կարծում է, թե Ադրբեջանում քնում-արթնանում են նոր եռակողմ պայմանագիր կնքելու երազանքով։
Պահանջում է պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԼՂ իշխանությունների աջակցության մասին։ Սա ավելի քան հստակեցնում է Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելուն միտված՝ «Հայաքվե» նախաձեռնության իրական տերերի պատկերը։
Ռուբեն Վարդանյանը նաև պահանջում է ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը։ Վերջին 5 տարիների բանակցային ողջ պատմության մասին հստակ տեղեկացված է ԼՂ նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, իսկ ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, որ պահանջում է։
Ուշագրավ է նաև Վարդանյանի հայտարարությունն առ այն, թե Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցի ու գտնի այն դաշնակիցներին, որոնք կօգնեն այդ բանակցություններում։
Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը միշտ կողմ է արտահայտվել միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը։
Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանն ուներ բոլոր հնարավորությունները Ադրբեջանի հետ երկխոսելու, հարաբերություններ կարգավորելու համար, սակայն ոչ մի արդյունք չգրանցեց, իսկ պաշտոնից ազատվելուց հետո սկսեց թրեր ճոճել օդում»։

Աղբյուրը`   Տարոն Չախոյան