Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Արցախում կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ

Արցախում կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ
1247
Երեքշաբթի, 08 օգոստոսի, 2023 թ., 10:30

Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ. այս մասին հայտնում է Արցախի առողջապահությասն նախարարությունը:
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։
Այսպես՝
1. Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան 2 անգամ, ներառյալ՝ սուր և քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի աճ՝ 66%-ով, սրտամկանի սուր ինֆակտից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։
Հուլիս ամսվա ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն էլ ավելի են աճել՝ հասնելով նախնականորեն 2.6 անգամի՝ նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ, ներառյալ՝ սուր սրտային անբավարարությունից մահեր՝ աճ 2.5 անգամ, սրտամկանի սուր ինֆակտից՝ 4 անգամ, Ուղեղի կաթվածից՝ 3 անգամ:
2. Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9%-ով։ Մահացության դեպքերի ավելացման պատճառներից են անհրաժեշտ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը, կյանքի որակի փոփոխությունը, պատշաճ բուժօգնության հնարավորությունների խիստ սահմանափակությունը, որոնք կրճատում են ապրելիության աստիճանը։
3. Նույն ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման ( ուղեղի կաթված) և սրտամկանի սուր ինֆակտի նոր դեպքերի աճ՝ համապատասխանաբար 26%-ով և 9,7%-ով։
4. Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ՝ 24,3%-ով:
5. Հունվար-հուլիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի։ Դա պայմանավորված է ոչ լիարժեք սննդով և համապատասխան դեղամիջոցների սղությամբ կամ բացակայությամբ։
6. Չնայած առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր վիժումների քանակի աճ չի արձանագրվել, սակայն հուլիս ամսում արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ։ Ցավալի իրավիճակին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը և դեղորայքի սղությունը կամ բացակայությունը։
7. Հանրապետության Շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության(կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:
8. Հուլիս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է նաև զարկերակային գերճնշման դեպքերի պատճառով շտապ օգնության կանչերի կտրուկ՝ 5.6 անգամ աճ։
Մահվան և հիվանդությունների դեպքերի նշված և այլ ցուցանիշների աճը պայմանավորված է Արցախի շրջափակման և, այնուհետև, լիակատար պաշարման հետևանքով առաջացած առողջապահական լրջագույն խնդիրներով, ներառյալ՝ դեղորայքի ու բժշկական պարագաների սղությամբ կամ բացակայությամբ, բնակչության թերսնմամբ, սթրեսով, պլանային վիրահատությունների ու հետազոտությունների դադարեցմամբ, Հայաստանում և արտերկրում բուժօգնություն ստանալու հնարավորությունների խիստ սահմանափակմամբ և այլն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման շարունակման դեպքում նշված և այլ ցուցանիշներն էլ ավելի մեծ չափով են աճելու՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկանց մահերի ու առողջական վիճակի վատթարացման:
Առողջապահության համակարգը հնարավորինս կատարում է իր առջև ծառացած այս ծանր մարտահրավերների հետևանքների մեղմացման ուղղությամբ, սակայն Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների տեղաշարժի ամբողջական արգելափակումը պարզապես անհնար են դարձնում համակարգային ու լիարժեք առողջապահական լուծումների ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: