Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռուսաստանը հանուն Թուրքիայի հերթական մարտահրավերը նետեց աշխարհին». Կարեն Հեքիմյան

«Ռուսաստանը հանուն Թուրքիայի հերթական մարտահրավերը նետեց աշխարհին». Կարեն Հեքիմյան
452
Ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ., 22:48

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս անգամ Ռուսաստանն ու Թուրքիան մեղրամիսն անցկացնելու են Հյուսիսային Կիպրոսում:
Պուտին Վլադիմիրի Թուրքիա այցելությանն ընդառաջ, Ռուսաստանը որոշել է Հյուսիսային Կիպրոսում (Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի տարածք) «հյուպատոսական ծառայություններ մատուցել», այլ կերպ՝ սիրաշահել Թուրքիային: Դա նույնն է, որ, ենթադրենք՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ նույն Ռուսաստանը «հյուպատոսական ծառայություններ մատուցի» Արցախում:
Այսպիսով, Ռուսաստանը հանուն Թուրքիայի հերթական մարտահրավերը նետեց աշխարհին:
Թեպետ Զախարովա Մարիան փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, որ ՌԴ-ն Հյուսիսային Կիպրոսում հյուպատոսություն չի բացելու և, որ ... միայն հյուպատոսական ծառայություններ են մատուցվելու, սակայն աշխարհն այդքան պարզունակ չէ: Ի՞նչ է նշանակում առանց հյուպատոսության հյուպատոսական ծառայություններ մատուցել: Կարո՞ղ եմ, օրինակ՝ ես, առանց հյուպատոսություն բացելու, հյուպատոսական ծառայություններ մատուցել, ենթադրենք՝ ՌԴ Կալինինգրադի կամ Օրենբուրգի մարզերում:
Լավ, մի կողմ թողնենք Ռուսաստանի և Թուրքիայի երկարամյա սիրավեպը և վերադառնանք Հայաստան:
Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա անկասկած կօգտագործեր ընձեռնված հիանալի հնարավորությունը և Արցախում (միգուցե՝ հեռավար ձևաչափով) Կիպրոսն ու Հունաստանը կսկսեին «հյուպատոսական ծառայություններ մատուցել»: Ամենաքիչը՝ այդօրինակ նպատակ հետապնդելու հայտարարություն կհնչեր: Սակայն, Հայաստանը նորմալ պետություն չէ, իսկ Արցախը, ցավոք, Հյուսիսային Կիպրոս, ավելին՝ անգամ Մերձդնեստր, Աբխազիա և Հարավային Օսիա չէ: Հետևաբար՝ նստեք ձեր տեղը և հետևեք Ռուսաստան-Թուրքիա զույգի հերթական մեղրամսին»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան