Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին փորձում է ռազմական բախումներ հրահրել». Արման Աբովյան

«Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին փորձում է ռազմական բախումներ հրահրել». Արման Աբովյան
533
Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 02:12

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և Արցախի շուրջ վերջին իրադարձությունների տրամաբանությունը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին փորձում է ռազմական բախումներ հրահրել հայկական պետությունների սահմանների պարագծով։
Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունն օկուպացված Բերձորից կրկին հագեցած էր Հայաստանի նկատմամբ սպառնալիքներով։
Իրավիճակը հետևալն է։
Արդեն վեց ամիս է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը համակարգված կերպով կտրուկ սրում է Արցախի և Հայաստանի շուրջ իրավիճակը։
Պաշտոնական Բաքվի կողմից Իսրայելից զենքի լայնածավալ գնում է ընթանում։
Օկուպանտները կամաց-կամաց ռազմական ռեսուրսներ են կուտակում Արցախի և Հայաստանի օկուպացված տարածքներում։
Շարունակվում է Արցախի շրջափակումը։
Թուրքիան կրկին առիթ-առիթ սկսում է գեներացնել Հայաստանի հարավի անեքսիայի թեման (այսպես կոչված ՝ Զանգեզուրի միջանցք)։
Իրավիճակի սրությունն այնքան ակնհայտ էր, որ Իրանի պաշտպանության նախարարն օրերս զանգահարել էր ադրբեջանական խմբավորումների պաշտոնական ղեկավարին (Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին) և կրկին հայտնել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների փոփոխության (Այսինքն՝ Հայաստանի վրա հարձակման) անթույլատրելիության մասին։
Այս ահազանգերի լույսի ներքո օրեր առաջ Բաքու է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ով իր ենթական Հասանովի հետ «քննարկել է» տարածաշրջանային իրավիճակը:
Իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ հայկական իշխանությունն իսպառ զուրկ է թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից սպառնալիքներին և մարտահրավերներին համարժեք արձագանքելու համարժեքությունից (կամ ցանկությունից)։
Առավելագույնը, ինչի ընդունակ է իշխանությունը, ընդամենը ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր արձանագրելն ու մարդկանց «զատո ասֆալտը լավն է» պատմվածքներով կերակրելն է»:

Աղբյուրը`   Արման Աբովյան