Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել. վերլուծություն

Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել. վերլուծություն
1810
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 17:18

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։
Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի դեղաչափը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը:
Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։
2020 թվականի մարտից հետո Եվրոպական երկրների կողմից արձանագրված կարմրուկի դեպքերի զգալի անկումը, որը շարունակվել է մինչև 2022 թվականի վերջ և 2023 թվականի սկիզբ, հակասում է կարմրուկի սովորական տարեկան և սեզոնային օրինաչափությանը, որը գագաթնակետին է հասնում գարնանը՝ բարեխառն կլիմայական պայմաններում:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի հունվարից, ինչպես Եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող մի շարք երկրներ հաղորդել են կարմրուկի հաստատված դեպքերի մասին:
Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել: Առավել խոցելի են երեխաները՝ հատկապես մինչև 1 տարեկան, հղիները և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք:
Կարմրուկը սուր վիրուսային բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով և ջերմությամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է՝ ցանի առաջացումից 4 օր առաջ և 4 օր հետո:
Վարակը փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով։ Կարմրուկի գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, սակայն այն կարող է կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 21 օր:
«Հերացի» վերլուծականը փաստում է, որ կարմրուկը վտանգավոր էր բարդություններով:
Այն կարող է առաջացնել ուղեղի բորբոքում, կուրություն, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ, ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Գնահատված է, որ հիվանդության նկատմամբ իմունիտետ չունեցող մարդկանց 90%-ը ընկալ են հիվանդության հանդեպ, իսկ մաթեմատիկական մոդելավորման միջոցով պարզվել է, որ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի:
Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ կարմրուկը գործնականում ամբողջությամբ կանխարգելելի է պատվաստումների միջոցով: Եվրոպական Միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով պատվաստանյութն արդյունավետ է առնվազն 95% դեպքերում:
Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձվավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար:
Առանցքային է կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը ստանալ օրացույցով սահմանված ժամկետում, որը կնպաստի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը:
Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների ԿԿԽ-1 (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պատվաստումներում երեխաների ընդգրկվածությունը 2021թ.-ին կազմել է 94.21%, որը 2.79%-ով ցածր է 2015թ.-ի ցուցանիշից: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների 2020-2022թթ. Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019-2016թթ. գրանցվել է ընդամենը 11 դեպք: Վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015թ., երբ հիվանդացել է 33 մարդ, այդ թվում 19-ը մինչև 18 տարեկան:
Հարկ է նշել, որ հակապատվաստումային շարժումը էապես նպաստում է կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածության նվազմանը:
Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, 2023 թվականի մարտից արձանագրվել է կարմրուկի դեպքերի թվի աճ: Ըստ ՀՀ ԱՆ դեկտեմբերի 25-ին հրապարակած տվյալների՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է արդեն 535-ի։ Հիվանդներից 382-ը երեխաներ են, 153-ը՝ մեծահասակ: Ցավոք գրանցվել է նաև 1.8 տարեկան երեխայի մահվան դեպք:
Հարևան երկրներում նույնպես շարունակում են արձանագրվել կարմրուկի դեպքերի թվի աճ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է 6131 հաստատված դեպք, Ադրբեջանում 284 դեպք, որից 35 մեծահասակներ են, իսկ հիվանդացածների մեծ մասը կամ չպատվաստված են կամ 1 դեղաչափով են պատվաստված, Թուրքիայում 4602 դեպք, Իրանում՝ 181, Վրաստանում՝ 28:
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պայքարի միակ միջոցը պլանային պատվաստումներն են:
Անգամ վարակի աղբյուրի հետ շփումից հետո հնարավոր է կանխել վարակը չպատվաստված կամ թերի պատվաստվածների դեպքում:
Հետազդակային կանխարգելումն իրականացվում է 72 ժամվա ընթացքում ԿԿԽ պատվաստանյութի, իսկ որոշակի դեպքերում իմունոգլոբուլինի միջոցով»:

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան