«Գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև պտղի համար». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրիպը սուր վիրուսային շնչառական վարակ է, որը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Այն ավելին է, քան պարզապես հոսող քիթը և կոկորդի ցավը: Գրիպով կարող են հիվանդանալ բոլոր մարդիկ, որոշ մարդկանց մոտ այն կարող է թեթև ընթացք ունենալ, իսկ ոմանց մոտ այն բարդություններով է ուղեկցվում: Վերջինը համարվում է ռիսկային խումբ, որը ներառում է 65-ից բարձր տարիք ունեցող անձանց, մինչև 5 տարեկան երեխաներին, ուղեկցող, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հղի կանանց:
Հղիության ընթացքում գրիպը լուրջ, բայց բուժելի հիվանդություն է: Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի վիճակագրության հղի կանայք ավելի հավանական է, որ գրիպի բարդությունների պատճառով հոսպիտալացման կարիք ունենան, քան ոչ հղիները: Վաղ ախտորոշման դեպքում հղի կանանց համար անվտանգ բուժումները կարող են օգնել մեղմել ախտանիշները և նվազեցնել հիվանդության տևողությունը:
Հղիության ընթացքում օրգանիզմը, բնականաբար, նվազեցնում է օրգանիզմի՝ հիվանդություններից պաշտպանելու ունակությունը, որպեսզի կանանց իմունային համակարգը երեխային չդիտարկի որպես սպառնալիք օրգանիզմի համար: Սիրտն ու թոքերը նույնպես ավելի ծանրաբեռնված են աշխատում՝ երկու հոգու արյուն և թթվածին մատակարարելու համար: Ավելին, թոքերը գործում են ավելի փոքր տարածության մեջ՝ աճող երեխայի ճնշման պատճառով: Այս ամենը ծանրաբեռնում է օրգանիզմը՝ հղիներին ավելի խոցելի դարձնելով վիրուսների և ընդհանուր առմամբ տարբեր հիվանդությունների՝ ներառյալ գրիպի նկատմամբ:
Հղիության ընթացքում գրիպով վարակվելը կարող է վնասակար լինել ոչ միայն հղի կնոջ, այլև նրա դեռևս չծնված երեխայի համար: Հղիության ընթացքում գրիպի հետ կապված խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ վաղաժամ ծննդաբերության, ներարգանդային թոքաբորբի, երեխայի նվազ քաշի, նույնիսկ մեռելածնության:
Լուրջ բարդություններից է, օրինակ, բրոնխիտը, որն այնուհետև կարող է վերածվել թոքաբորբի, որը լինելով կյանքին սպառնացող պոտենցիալ թոքային հիվանդություն, ամենամեծ մտահոգությունն է: Հղիները նաև ավելի խոցելի են դառնում ականջի /օտիտ/ և սեպսիսի առումով, ինչպես նաև մենինգիտի կամ էնցեֆալիտի (ուղեղի բորբոքում):
Ըստ միջազգային հետազոտությունների՝ հղիների մոտ, հատկապես երկրորդ կամ երրորդ եռամսյակում, գրիպով լուրջ հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան ոչ հղիների մոտ, և ավելի հավանական է, որ այն ընթանա ծանր ախտանիշներով և բարդություններով, որոնք կարող են հոսպիտալացում պահանջել, և հավանականությունը նույնիսկ ավելի է մեծանում, եթե լինում են այլ ուղեկցող հիվանդություններ:
Գրիպը կանխելու լավագույն միջոցը գրիպի տարեկան պատվաստումն է, որն անվտանգ է հղիության ընթացքում:
Հղիության ընթացքում գրիպի պատվաստումը կարող է հղի կնոջը պաշտպանել գրիպից, դրա բարդ ընթացքից և հնարավոր հոսպիտալացումներից:
Հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել գրիպից նաև երեխաներին՝ ծնվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում, քանի որ մայրը հղիության ընթացքում պատվաստվելիս հակամարմինները փոխանցում է ընկերքի միջոցով զարգացող երեխային: Կրծքով կերակրման ժամանակ գրիպի պատվաստանյութ ստացած կնոջ օրգանիզմում ձևավորված հակամարմինները փոխանցվում են երեխաներին կաթի միջոցով»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102007.09.2026, 09:24