Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խոստացել են և՛ բաժանմունքը, և՛ ցուցատախտակը վերադարձնել նախկին տեղը». Ալբերտ Հովհաննիսյանի ծնողներ

«Խոստացել են և՛ բաժանմունքը, և՛ ցուցատախտակը վերադարձնել նախկին տեղը». Ալբերտ Հովհաննիսյանի ծնողներ
165
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 14:06

«Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը 2021 թվականին անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, մարտի 4-ին հայտարարել էր, որ այցելել է նշված կենտրոն և անակնկալի եկել, քանի որ պարզվել է՝ ո՛չ բաժանմունքը կա, ո՛չ որդու անունը կրող ցուցատախտակը։ Աշխատակիցներից փորձել է տեղեկանալ՝ որտեղ են բաժանմունքն ու ցուցատախտակը, ոմանք ասել են, որ բաժանմունքը տեղափոխվել է, ոմանք էլ զարմացել, որ այնտեղ վահանակ չի եղել, այնինչ պատի վրա հստակ երևացել են վահանակի հետքերը։

Ավելի ուշ Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրեց, որ բաժանմունքն է տեղափոխվել նույն ԲԿ-ի այլ հատված, որտեղ և փակցվել է վահանակը։

Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծնողներն այցելել են «Երևան» բժշկագիտական կենտրոն՝ ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները։ Արտակ Հովհաննիսյանն ասել է, որ տնօրենն իրեն անձամբ է հայտնել, որ ցուցանակը սեպտեմբերից հանված է եղել թյուրիմացության արդյունքում և միայն երեկ է փակցվել այլ տեղում․ «Թյուրիմացություն է տեղի ունեցել, իրավիճակին չեն տիրապետել, չեն իմացել, որ դա անվանակոչված բաժանմունք է, դա է պատճառը, որ ցուցանակը հանել են։ Տնօրենն ինձնից 2 ամիս խնդրեց, որպեսզի բաժանմունքն ամբողջ կազմով հետ վերադառնա երկրորդ հարկ, քանի որ այս հարկը մեզ համար խորհուրդ ունի»,- ասել է նա։

«Տնօրենը մեզ ասաց՝ եթե կցանկանաք, թող ցուցանակը լինի 2-րդ հարկում՝ իր նախկին տեղում, իսկ պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը՝ այլ հարկում։ Մենք չհամաձայնեցինք, ասացինք, որ կա՛մ ցուցանակը կտանենք մեզ հետ, կա՛մ բաժանմունքը կվերադարձվի երկրորդ հարկ։ Մեզ խոստացան 2 ամիս հետո բաժանմունքն ամբողջ կազմով վերադարձնել 2-րդ հարկ»,- նշել է Ալբերտի մայրը՝ Մանիկ Աճեմյանը: