Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 35 սահմանային սյուն են տեղադրել

Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 35 սահմանային սյուն են տեղադրել
183
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 20:24

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն»,- ասված է հաղորդագրությունում։
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։