Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Ինչի՞ համար է գրականությունը». Աշոտ Ալեքսանյան

«Ինչի՞ համար է գրականությունը». Աշոտ Ալեքսանյան
148
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ., 03:18

Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵԻ ԾՆՆԴՅԱՆ 147-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ Ի ԽՈՆԱՐՀՈՒՄ
թարգմանական 9 գրքերս - Հեսսեից և դեպի Հեսսեն
ԽՈՀԵՐ ՀԵՍՍԵԻՑ ԵՎ ԴԵՊԻ ՀԵՍՍԵՆ
Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչի՞ համար է գրականությունը, ինչո՞ւ այն կա: Գուցե պարապ վախտի խաղալի՞ք է, երևի թե չէ, մտքի ու զգացմունքի գերթանձրացո՞ւմ, դարձյալ չէ, աշխարհաճանաչողական գործի՞ք, դե չէ՛ էլի, չէ: Բա ի՞նչ է ուրեմն, տակն ի՞նչ մնաց, որ չասացի: Երաժշտությո՞ւն է, նկարչությու՞ն է, գուցե սեփական վերջավորության գիտակցումին անհաղորդ անհատ մարդու և հավաքական մարդկության մթագնած ուղեղում խաղարկվող հնչյունների, ձայների ու գույների ինքնանպատակ խտացո՞ւմ, սրացո՞ւմ, կարծես էլի՛ չէ, ոչ էլ կախարդանքի կամ մոգության դաշտից է, քանի որ միշտ էլ կարող ես խաբկանքի ու խաբեության հմայախաղի արհեստական, շինծու, ձեռակերտ հնարամտությունը հենց տեղում՝ դեպքի վայրում բռնացնել, մերկացնել ու պատին դեմ անել: Բայց ահա կա մի գրող, որին կեղծության կամ հորինումի մեջ բռնացնելու ոչ հնար կա, ոչ էլ ձև, քանի որ նա իր միջից է իր գրականության նյութը արարում, ասել է թե՝ ինքն իրեն է արարում և իրենով էլ՝ արտաքին թվացողությունների աշխարհը, որն, իբր թե, իրականության մեջ է գոյում: Մինչդեռ իրականություն ասվածը լավագույն դեպքում միայն անցյալին կարող է վերաբերվել, բայց ոչ ներկային, որը ձևավորման՝ in-formatia փուլում լինելով, ընդամենը լինելության ընթացք է՝ in potentia՝ որպես հնարավորություն, քանի որ ներկան բազմաթիվ հնարավորություններ է, բայց ոչ երբեք՝ ավարտուն իրականություն, որովհետև իրականությունն այն է, ինչն արդեն ձևավորվել վերջացել է (էնտելեխիա), դարձել հակազդման առարկա ու մնացել է անցյալում: Իրականությունը առավել ևս չի կարող ապագային վերաբերել, որն ըստ էության, դեռևս անգո մի բան է, չգոյություն և ըստ այդմ՝ ժամանակից ու տարածությունից դուրս է, որպեսզի ընկալելի, մտառելի լինի»:

Աղբյուրը`   Աշոտ Ալեքսանյան