Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Քո ոգին այլևս հայոց երկնակամարում է, քո թողած հետքը` հենց երկրի վրա». Գեղամ Օհանյան

«Քո ոգին այլևս հայոց երկնակամարում է, քո թողած հետքը` հենց երկրի վրա». Գեղամ Օհանյան
198
Շաբաթ, 03 օգոստոսի, 2024 թ., 23:42

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ քեզ հետ շփվելու, աչքերիդ մեջ նայելու ֆիզիկական կապից զրկել ես, նամակս ուղարկում եմ քեզ՝ որտեղ, որ հոգիդ այս պահին լինի․․․
Գիտեի թե մեկ ու կես տասնամյակ առաջ ես եմ եկել ու գտել քեզ պարի բաց դասերին, բայց միամիտս, շատ ուշ հասկացա, որ այդ դու էիր եկել․․․
Դու էիր վերցրել բարձրախոսը ու սրտիդ խոսքով թակում էիր մեր, երիտասարդներիս սրտերը։ Շատերս, շատ շատերս դուռը բացեցինք և դու ներս մտար։
Մարդիկ մի կենդանական հատկություն ունեն, կոչվում է ապերախտություն, նրանք մոռանում կամ փոքրացնում են իրենց ձևավորողների, իրենց կոփող ու հղկողների դերը իրենց իսկ կյանքում, որ անձնական եզակիությունը արտահայտեն։ Բայց քո ներդրումը այնքան էր մեծ շատերի աճի մեջ, որ ուրանալ չէր լինի, դրա համար կարոտն ու ցավը այսօր դեռ չի թողնում շատերին։
Դու սովորեցրիր նաև չլինել ապերախտ, այլ հակառակը, սովորեցրիր երախտապարտ լինել, քո իսկ օրինակով։ Որտեղ կայիր դու, այնտեղ կար Կոմիտաս, այնտեղ կար Նժդեհ, այնտեղ կար Մաշտոց, այնտեղ կար Լեոնիդ, Զարյան, ․․․ Քո ամեն հաջորդ նախադասությունը շնորհակալության ու մեծարման խոսք էր ուղղված նրանց։ Մի ձեռքով հստակորեն շարունակում էիր իրենց գործը, մյուսով բռնել էիր բարձրախոսը ու պատմում էիր իրենց մասին, առանց հոգնության, առանց տրտունջի, մի տեսակ երջանկանանալով։ Երախտապարտության ավելի լավ օրինակ պատկերացնելն անկարելի է։
Անկեղծանա՛մ, դժվար է առանց քեզ․․․
Դու ինձ շատ բարձրացրիր․․․
Ու չնայած վերջում շատ քիչ շփվեցինք, որովհետև փակվել էիր քո ժայռի մեջ, բայց քո լինելը այստեղ վստահություն էր ներշնչում, չես պատկերացնի, թե որքան։
Հիմա մխիթարվում եմ խոր հավատով, որ դու նաև իմ մեջ ես ու ստացվում է, որ այս նամակը մի քիչ էլ ինձ է ուղղված։
Քո ոգին այլևս հայոց երկնակամարում է, քո թողած հետքը՝ հենց երկրի վրա։ Վաղը նորից դղրդալու են հայոց բարձրավանդակի լեռները, քո կողմից, մեզ վերադարձրած, նույն լեռներում ծնված բազմիմաստ պարերով։
Չարը չի հաղթելու, որովհետև տիեզերքը ապրում է բարության օրինաչափությամբ։ Ես գրավվել եմ առաջին հերթին քո բարությամբ ու խաղաղությամբ, որով տիեզերական էիր։
Շնորհավոր է օրհնյալ ծնունդդ, որը կնշվի երախտապարտների կողմից, կնշվի այնպես, որ դրանից էլ մի ծիլ ծաղկի քո հայրենապաշտության մաքրամաքուր արտում։ Երախտապարտությունը կշատանա, որ ապերախտությունը տեղ չունենա մեզանում։ Այդ խորության մեջ մենք կվերադառնանք ու կվերադարձնենք։ Շնորհակալություն քեզ, որ թակեցիր նաև իմ սրտի դուռը, իմ ընկեր Գինոսյան․․․
Հ․Գ․
Մի հին նկար»:

Աղբյուրը`   Գեղամ Օհանյան