Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

««Կամ մեր միջոցով, կամ՝ ոչ մեկի», սա է ռուսների մոտեցումը»․ Հակոբ Բադալյան

««Կամ մեր միջոցով, կամ՝ ոչ մեկի», սա է ռուսների մոտեցումը»․ Հակոբ Բադալյան
221
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 16:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի քիչ զարմանալի է, երբ՝ «եռակողմ» պայմանավորվածությունների համատեքստում կարգավորման «անայլընտրանքության» մասին Մոսկվայից հնչող հայտարարությունները մեր հանրության մի զգալի մասում ընկալվում է իբրև «հենց նոր» արված մի բան:

Ռուսները մշտապես խոսել են, ու խոսելու են «եռակողմի» մասին: Ընդ որում, խոսելու են, եթե անգամ Հայաստանը հայտարարի, որ չկա ոչ մի եռակողմ էլ, որ խախտվել են դրա գրեթե բոլոր կետերը եւ Հայաստանը հետ է կանչում իր ստորագրությունը:

Պետք է արձանագրել, որ «եռակողմի» մասին հիշատակման քաղաքական իմաստը հետևյալն է՝ կամ կարգավորում կլինի ռուսական մոդերատորությամբ, կամ չի լինի որևէ այլ մոդերատորությամբ որևէ կարգավորում: Սա է, ըստ իս, այդ հայտարարությունների խորքային, համատեքստային տողատակը՝ «կամ մեր միջոցով, կամ՝ ոչ մեկի»:

Եվ ռուսների այս մոտեցումը առնվազն զարմանալի չէ, քանի որ Կովկասը նրանց համար կենսական շահերի գոտի է, հետևաբար կառչելու են ամեն կերպ, լինի ատամներով, լինի՝ Ադրբեջանի առաջ կռանալով:

Այսինքն, այստեղ լոկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հարց չէ: Ավելին, չեմ բացառում, որ Երևանին ու Բաքվին առաջարկվում է «վերանայել» պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ այլևս չկա Արցախ, չկա խաղաղապահ ներկայություն:

Հիմա, այստեղ հարց է առաջանում, արժե՞, որ Երևանը հրաժարվի նոյեմբերի 9-ի եռակողմից, երբ դա 44-օրյա պատերազմից հետո նոր ստատուս-քվոյի, նոր իրավիճակի, և առ այսօր եղած իրադրության պայմաններում Հայաստանի շահերն առավելագույնս արտացոլող փաստաթուղթն է: Չէ՞ որ, փորձելով գնալ Արևմուտքում այլ փաստաթուղթ ստանալու ճանապարհով, Հայաստանն ըստ էության չստացավ դա: Հետևաբար, Հայաստանն ի՞նչ է շահելու «եռակողմից» հրաժարվելու պարագայում: Ճնշո՞ւմն է թուլանալու, Ռուսաստան-Ադրբեջան գործակցությո՞ւնն է թուլանալու, իրավիճակի մոդերատորության ռազմավարական խնդրի հարցում Մոսկվայի մոտիվացիա՞ն է թուլանալու: Ոչ, Հայաստանի հանդեպ չի նվազելու որևէ մարտահրավեր, փոխարենը Հայաստանը կորցնելու է Ռուսաստանին ու Ադրբեջանին իրենց նախագահների ստորագրությունը մատնացույց անելու հնարավորությունը:

Իհարկե, մատնացույց անելը իրականում չի փոխում ոչինչ, և առավել ևս մատնացույց ըստ էության չի էլ արվում: Բայց, պետք է անել հենց դա, այլ ոչ թե հրաժարվել դա անելու հնարավորությունից: Կրկնեմ, այդպես եմ կարծում, որովհետև չեմ տեսնում, որ Հայաստանի հրաժարումը որևէ կերպ փոխելու է ռեգիոնալ և ավելի խոշոր խաղացողների ներկայիս մոտիվներն ու ռազմավարական նպատակները, հետևաբար՝ Հայաստանի շուրջ միջավայրը:

Այստեղ նշվում է հաճախ, որ մնալով «նոյեմբերի 9-ով», Հայաստանը իր վրա է «բերում» 9-րդ կետի պահանջները: Ընկերներ, Հայաստանն օրինակ ԱՄՆ ուղղությամբ չունի 9-րդ կետ, բայց դա Նահանգներին չի խանգարում Հայաստանի առաջ դնել Միջին միջանցքի հարց:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի շատ հստակ փաստարկ՝ եթե կատարված չեն մյուս կետերը, եթե դրանք խախտված են կոպտորեն, ապա էլ ի՞նչ 9-րդ կետ: Եվ, եթե Հայաստանը ի վիճակի չէ տեր լինել այդ փաստարկին, պաշտպանել իր շահը այդ փաստարկն ունենալով, ապա հավատացնում եմ՝ ի վիճակի չի լինելու պաշտպանել իր շահերը այդ թուղթը պատռելու դեպքում էլ:

Ի վերջո, իսկ մեզանից որևէ մեկը ստույգ գիտե՞, թե հաղորդուղիների ապաշրջափակման առնչությամբ ինչ կոնկրետ սկզբունքներ կամ տարբերակներ են քննարկվել նույն պրահյան համաձայնությունների, կամ բրյուսելյան ձևաչափի շրջանակում: Մենք գիտե՞նք այդ մասին: Մենք գիտե՞նք, թե հատկապես, կոնկրետ ի՞նչ է առաջարկում այդ մասով ԱՄՆ, այդ առաջարկն ըստ էության ինչով է տարբերվում նոյեմբերի 9-ում գրվածից, լայն իմաստով տարբերվում է դեպի ավելի հեռանկարայի՞ն, թե՞ փակուղային զարգացում:

Իմ գնահատմամբ, մենք հենց սկզբից առավելապես էմոցիոնալ պրիզմայով ենք չափել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և դա բնականաբար միանգամայն բնական և օբյեկտիվ էր՝ հաշվի առնելով պատերազմը, կորուստները, պարտությունը, բայց առ այսօր մենք շարունակում ենք դրա հանդեպ ավելի շուտ էմոցիոնալ, քան քաղաքական վերաբերմունքը։

Երբ մենք կտրուկ հրաժարվում ենք ռուսական, կամ կտրուկ հրաժարվում ենք արևմտյան «մոդերատորական» սցենարների հետ աշխատանքից, մենք կորցնում ենք երկու դեպքում էլ: Իհարկե բոլորովին այլ հարց է, ևւ չափազանց կարևոր հարց՝ թե մենք դիվանագիտական ինչպիսի հմտությամբ, պետական մտածողության, քաղաքականության ինչպիսի գիտակցումով, ինչ որակով ենք աշխատում այդ սցենարների հետ: Բայց, նվազագույն անհրաժեշտն այն է, որ մենք աշխատենք երկուսի հետ էլ: Նվազագույնը երկուսի, որովհետև այդ բաժանումն էլ իհարկե զգալի պայմանական է: Մենք պետք է հրաժարվենք լավ ու վատ տարբերակների ընտրության տրամաբանությամբ մոտենալ հարցին, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որ այդ տարբերակները՝ ինչպես համաշխարհային իրադրությունը, շատ արագ կարող են փոխվել: Օրինակ, այսօր մեզ համար բարեբեր թվացող արևմտյան սցենարը մեկ ամիս կամ հինգ ամիս անց կարող է շրջվել գլխիվայր, և նույնը՝ եթե ավելի բարվոք է թվում ռուսական սցենարը, մեկ շաբաթ անց այն կարող է դառնալ գերվտանգավոր, քան եղել է մինչ այդ:

Փոփոխվող աշխարհում, գերտերությունների համար այդ հարցը այսօր տակտիկական նշանակության է, նրանք կարող են նույնիսկ առևտուր անել դրա վրա, ամերիկացիները ռռուսներից կարող են ինչ որ բան ստանալ մեկ այլ ռեգիոնում, դրա դիմաց ինչ որ բան զիջել, թեկուզ ինչ որ ՊԱՀ զիջել Կովկասում, բայց այդ ՊԱՀ-ը մեզ համար դառնա ճակատագրական:

Դրա համար եմ ասում, մենք պետք է գործենք բոլոր սցենարների հետ աշխատելու տրամաբանությամբ, այլ ոչ թե անորոշ աշխարհում ինչ որ որոշակի սցենար ընտրելու»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան