Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայե՛ր, եկեք պաշտպանենք Հայաստանը». ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպո

«Հայե՛ր, եկեք պաշտպանենք Հայաստանը». ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպո
916
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 00:06

Հայե՛ր, եկեք պաշտպանենք Հայաստանը և աշխարհն առաջնորդենք դեպի իսկապես խաղաղ COP29. Օկամպո

ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին Երևանում իր հանդիպումերին ընդառաջ սեպտեմբերի 4-ին հանդես է եկել ուղերձով, որը ներկայացում ենք ստորև.

«Աշխարհն առաջնորդող հայե՛ր
Կա երեք փոխկապակցված խնդիր՝
• Հայաստանը վտանգված է, քանի դեռ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում։
• Պարզ չէ, թե 2023 թվականի ցեղասպանության զոհ դարձած արցախցիներն ինչպես կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը։
• 23 հայ պատանդները դեռևս Բաքվի բանտերում են:
2024 թ. նոյեմբերին Ադրբեջանը Բաքվում հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ «Խաղաղության COP» կարգախոսով։ Եթե հայ պատանդները չազատվեն և COP29-ի մասնակիցներն անտեսեն Արցախի հակամարտությունը, նախագահ Ալիևը կստանա հզոր միջոց՝ ամբողջ Հայաստանը զավթելու աշխարհաքաղաքական իր նպատակներն առաջ մղելու համար։
Նման սցենարը ոչ միայն կժխտի Արցախի ցեղասպանությունը և բանտում երկար տարիներ մնալուն կդապարտի պատանդներին, այլև անցյալի մոռացության գիրկը կնետի մի ամբողջ համայնք ու կխորացնի Հայաստանին սպառնացող վտանգները:
Հայաստանի լեգիտիմ իշխանությունները վարում են շատ բարդ բանակցություններ։ Հայերը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, ինչպես նաև ինձ պես մարդիկ, որոնք մտահոգ են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է գնահատեն այդ ջանքերը և միաժամանակ՝ հայ ժողովրդին և նրա հայրենիքը պաշտպանելու համար, բարձրաձայնեն վտանգների մասին ու համախմբեն բոլոր հայերին։
Աշխարհասփյուռ հայությունն արդեն իսկ նախաձեռնում է արշավներ։ Օգոստոսի 23-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ ապահովելու Ադրբեջանում կալանավորված բոլոր հայ գերիների ազատումը։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը, սակայն մտահոգություն հայտնել, որ պարոն Բլինքենի ձևակերպումներն «անպատասխան են մնացել և շարունակելու են անտեսվել»։
Վերջին մեկ ամսվա ընթացքում հատկապես հայկական արմատներ ունեցող հազարավոր մարդիկ ավելի քան 30 երկրներից, միավորվել են թվային ֆորումներում և սոցիալական մեդիայում՝ օգտագործելով նույն հեշթեգերը. #COP29, #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages և #FreePoliticalPrisoners։ Նրանց աջակցել են արվեստագետներ, օրինակ՝ Սերժ Թանկյանը, և կազմակերպություններ, օրինակ՝ «Հայ Դատի» հանձնախումբը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը, «Ամերիկայի հայկական համագումարը», Ֆրանսիայից LIBERTAS-ը և այլք։ #StopGreenwashGenocide և #FreeArmenianHostages հեշթեգերը դարձան Twitter-ում COP29-ին առնչվող ամենահաճախ կիրառվող հեշթեգերը։ Առցանց արշավներից բացի, բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանից մինչև Տորոնտո՝ պահանջելով Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդների ազատումը։
Ժամանակն է ընդլայնելու այս շարժումը և կապվելու որոշում կայացնողների հետ ամբողջ աշխարհում։ Հայերն Ալիևի միակ զոհերը չեն։ Նա վնասում է նաև շրջակա միջավայրը, ադրբեջանցի քաղաքացիներին և նույնիսկ եվրոպացի պատգամավորներին։ Ադրբեջանը երկիր է, որը հարստացել է հանածո վառելիքի շնորհիվ, ներկայանում է՝ որպես կլիմայի փոփոխության առաջատար՝ շեղելով համաշխարհային ջանքերը։ Ալիևի ռեժիմը դաժան է, այն ճնշում է լրագրողներին, գիտնականներին և ցանկացած այլախոհություն։ Մի քանի օր առաջ այն արգելեց Եվրոպայի 26 երկրներից 76 պատգամավորների մուտքն Ադրբեջան՝ կոռուպցիայի բացահայտման համար։ Վերջերս Բուենոս Այրեսի ավագ դպրոցներում կատարած այցիս ես հանդիպեցի դեռահասների, որոնք հասկանում են, որ նման գործողությունները վտանգում են իրենց ապագան, և նրանք պատրաստ են սկսել TikTok արշավներ՝ դրանք իրենց հասակակիցներին դա հասցնելու։
Հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջելը, որ նրանք բարձրաձայնեն այս խնդիրների մասին, ներառյալ՝ Ալիևի կողմից իր հանածո էներգիայի եկամուտների «կանաչ լվացումը», Արցախի ցեղասպանությունը, Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղաքական գործիչներին կոռուպցիայի մեջ ներքաշելը, ինչպես նաև Բաքվի քաղաքական բանտարկյալների և հայ պատանդների ազատման հարցը:
Ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսից և ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպությունից (Center for Truth and Justice, CFTJ)՝ սեպտեմբերի 9-ին այցելելու Հայաստան։ Սա բացառիկ հնարավորություն կլինի՝ հանդիպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մշակելու ընդհանուր ռազմավարություն։
Հայե՛ր, եկեք պաշտպանենք Հայաստանը և աշխարհն առաջնորդենք դեպի իսկապես խաղաղ COP29»:
Նշենք, որ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին Երևանում հանդիպում կունենա՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու քայլերը քննարկելու նպատակով: