Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. ԶԼՄ

5 տարի պարտվել Իգոր Սարգսյանին և չկարողանալ տղամարդավարի ընդունել դա. ԶԼՄ
221
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 19:54

Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Երկիր»-ն անդրադարձել է թեմային՝ հիշեցնելով նախապատմությունը. «Իգոր Սարգսյանին առանց հիմքերի ազատել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից դեռ 2019 թ. հոկտեմբերի 23-ին: Իգոր Սարգսյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Փաշինյանի ապօրինի որոշումը: Թե՛ Առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչում, թե՛ Վճռաբեկում կայացրած որոշումները եղել են Իգոր Սարգսյանի օգտին, այն է՝ Փաշինյանն ապօրինի է ազատել վերջինիս աշխատանքից և պարտավոր է վերականգնել նույն պաշտոնին:

Վճռաբեկ դատարանի որոշման արդյունքում՝ 2023 թ. մայիսի 3-ին Փաշինյանը պարտավոր էր Իգոր Սարգսյանին վերականգնել աշխատանքի, սակայն նա չի կատարում դատարանի որոշումը, և գործը գնում է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Վերջինս օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված պարտականությունը կատարելու փոխարեն՝ պարզաբանումներ է խնդրել Վարչական դատարանից, թե ո՞ւմ ազատի, որ նրա փոխարեն նշանակի Իգոր Սարգսյանին: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նաև դիմել է կառավարությանը՝ գրավոր տեղեկանալու համար, թե ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի քանի՞ հաստիք գոյություն ունի: Կառավարությունն իր սխալ պատասխանով շփոթմունք է առաջացրել՝ պատասխանելով, թե, իբր, տեղակալի 2 հաստիք կա, երկուսն էլ ծանրաբեռնված են: Իրականում եղել է տեղակալի 3 հաստիք:

Իգոր Սարգսյանին աշխատանքի վերականգնման հայցով հաջորդիվ դատարան է դիմում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը ևս հաղթում է բոլոր ինստանցիաներում. թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարանները որոշում են կայացնում, որ Իգոր Սարգսյանն ապօրինի է ազատվել աշխատանքից, լիովին օրինական է նախորդիվ կայացրած դատական վճիռը, և որ պաշտոնյան պետք է վերականգնվի իր աշխատանքին: Այս գործընթացը տևել է 1 տարի 4 ամիս:

Քանի որ նման այլ գործերով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում կային կայացրած որոշումներ և գործերը հասել էին Վճռաբեկ դատարան, վերջինս 2024 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզաբանում ստանալու այն մասին, թե արդյո՞ք հայեցողական պաշտոնի նշանակողը (այն է՝ ՀՀ վարչապետը) կարող է իր հայեցողությամբ նաև ազատել պաշտոնից: ՍԴ-ն պատասխանել է, որ, այո, իրավունք ունի: Կառավարությունն ըստ այդմ հայց է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որ վերջինս կատարի ՍԴ-ի եզրակացությունը: Վճռաբեկը մերժել է կառավարության հայցը, քանի որ, ինչպես նշեցինք, դատարանի վճիռն ուժի մեջ էր մտել 2023 թ. մայիսի 3-ին:

Քանի որ կառավարությանն այլ ելք չէր մնում, քան կատարել դատարանի որոշումը։ Փաշինյանը սեպտեմբերի 2024 թ․ 6-ի որոշմամբ ավելացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 4-րդ տեղակալի հաստիքը, սակայն չէր ավելացրել վերջինիս օգնականի հաստիքը, ինչը հենց ապացուցում է, որ վերջինս պատրաստվում էր ազատել այդ հաստիքում նշանակվող անձին, ինչը և տեղի ունեցավ»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: