Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին»․ Հակոբ Բադալյան

«Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին»․ Հակոբ Բադալյան
184
Երեկ, 16:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագիրը» երբեք չեն կապել Կլիմայի գագաթնաժողովի հետ:
Այսօր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Կարպենտերը Ջո Բայդենի նամակն է փոխանցում Ալիևին, որում նշվում է, որ Քարպենտերը կներկայացնի անելիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկ: Բայդենը Ալիևին հայտնում է, որ Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ լավ հնարավորություն է՝ ցույց տալ հավատարմություն խաղաղությանը:
Այսինքն, ակնառու է, որ այդուհանդերձ Կլիմայի գագաթնաժողովի հաշվարկը կա, չնայած պետքարտուղարության ներկայացուցչի՝ օրեր առաջ արած հայտարարությանը:
Բայց, էականն իհարկե դա չէ, այլ այն, որ Վաշինգթոնն ըստ ամենայնի Ադրբեջանին անում է ինչ որ առաջարկ, որը, ենթադրաբար, պետք է որ Բաքվին բավարարի այնքան, որ Ադրբեջանը հրաժարվի իր ներկայիս կարծր դիրքորոշումից և գնա ստորագրության:
Մտածել, թե Բայդենի նամակը ճնշման մասին է, թերևս կլինի ցանկալին ընդունել իրականության տեղ, ինչպես 2023-ի հունվարին Բլինքենի արած՝ «Լաչինի միջանցքը բացելու անհապաղ հորդորը»:
Ըստ այդմ, ուշադրության առարկան այն է, թե ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ալիևին, որը նրան կբավարարի այնքան, որ հատկապես վերջին օրերին առավել կարծրացրած մոտեցումը կփոխարինի ստորագրությամբ: Այստեղ առավել էական է և այն, թե Հայաստանի՞ց ինչ է ակնկալում ԱՄՆ-ն այդ համատեքստում: Այն, որ ակնկալիքի տրամաբանությունը լինելու է «նշաձողի իջեցման» շարքից, ես արտահայտվում եմ դեռևս նախորդ սեպտեմբերից: Հարցն այն է, թե հատկապես որ հարցում և ինչքան»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան