Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Եվրաքվե» նախաձեռնությունը մեր հին ու բարի ազգային ազատագրական շարժումն է». Մարիա Կարապետյան

««Եվրաքվե» նախաձեռնությունը մեր հին ու բարի ազգային ազատագրական շարժումն է». Մարիա Կարապետյան
302
Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ., 17:18

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպան՝ նոր Ղարաբաղ
Ավարտվեց «Եվրաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը, և հնարավորություն կա խոսելու այս նախաձեռնության մասին՝ առանց խրախուսելու կամ ապախրախուսելու քաղաքացիների մասնակցությունը դրան։ Եվ, իհարկե, առանց հավակնելու, որ մեկ կամ մի քանի գրառումը կարող էր նման ազդեցություն ունենալ հազարավոր մարդկանց ընկալումների և որոշումների վրա։ Եվ ուրեմն․
«Եվրաքվե» նախաձեռնությունը մեր հին ու բարի ազգային ազատագրական շարժումն է։ Այս անգամ ազատագրվում ենք Ռուսաստանից, ասիականությունից, թուրք-ադրբեջանական տանդեմից, թաթար-մոնղոլներից, եվրասիականությունից, տարածաշրջանից։ Նախաձեռնության առաջնորդների երևի թե բոլոր հանրային ելույթները համեմված են քաղաքակրթական ճոռոմ ձևակերպումներով։ Պարզվում է՝ մենք ապրում ենք ոչ թե Հարավային Կովկասում, այլ Հարավ-Արևելյան Եվրոպայում։ Եվ այն պահին, երբ Անկախ Հանրապետությունը կայանալու շանս ունի, եկե՛ք վերոգրյալի մասին օրենք ընդունենք (գուցե հետո բազում վեճերից հետո Սահմանադրության մեջ մի կոմպրոմիսային հղում տանք, այնպես որ հա՛մ լինի, հա՛մ չլինի), որ Վրաստանի և Ուկրաինայի արևմտյան ընտրության նման մեր ընտրությունն էլ դառնա անշրջելի։ Կաշխատի՞։
Եվրոպայի մասին այս ուժերի խոսելու ձևը շատ նման է մեր Երրորդ Հանրապետության հիմնադրման ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ խոսելու ձևին․ եկե՛ք ընդգծենք մեր և տարածաշրջանի անհամատեղելիությունը՝ քաղաքակրթական և ժողովրդավարական բարձ արժեքների ներքո, և անպայման սերունդներին ժառանգենք դա՝ որպես անժամանցելի մի իղձ և շարունակական մաքառում։
Մեծ հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական միտքը կկարողանա դուրս գալ մի կողմից «Արևմուտքը պիղծ է» և մյուս կողմից «Արևելքը՝ հետամնաց» խոսույթներից՝ ինքն իրեն ճանաչելով, սիրելով, իր դարավոր պատմության սպիները ապարդյուն ջնջել չփորձելով և իհարկե ազատագրական պայքարը արտաքին քաղաքականության հետ չշփոթելով»։

Աղբյուրը`   Մարիա Կարապետյան