«Պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է»․ Հակոբ Բադալյան
201
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 14:36
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը՝ որբ է: Այս արտահայտությունն ինչպես երբեք հարիր է մեզ հետ պատահած ողբերգությանը: Այսպես կոչված հայկական էլիտաները քառորդ դար միմյանցից «խլում» էին ղարաբաղյան առաջին հաղթանակի դափնին, իսկ հաղթանակը կրելու բեռը թողնում ըստ էության մեկի ուսին: Այդպես, մեկի ուսին բեռը հասավ մինչև 2018, ու հայտնվեց արդեն ըստ էության «ոչ մեկի ուսին» ու «հույսին»: Կհայտնվե՞ր, եթե հույս լիներ: Թերևս ոչ: Ինչպես ասել եմ բազմիցս, 2018 հնարավոր է եղել այն պատճառով, որ այդ կետում համընկել են ներքին ու արտաքին բոլոր առանցքային բեվեռների ու դերակատարների շահերը կամ նվազագույնը՝ հետաքրքրություններն ու հաշվարկները: Այո, ըստ իս այդ հաշվարկներում եղել է նաև ակնկալիք, որ գուցե 2018-ի «ռեսթարթով» հնարավոր լինի խուսափել անխուսափելի դարձող պատերազմից: Բայց, չի ստացվել դա: Եվ դրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են այդ չստացվելու պատասխանատուն եւ մեղավորը: Եվ նրանք են պատերազմի պարտության պատասխանատուն ու մեղավորը: Սա պարզապես աքսիոմ է՝ չի կարող լինել որևէ այլ ավելի պատասխանատու, քան տվյալ ժամանակի առաջին դեմքն ու քաղաքական մեծամասնությունը, անկախ, թե ինչպիսին են անուն ազգանունները կամ որքան են սուբյեկտիվի կողքին օբյեկտիվ գործոնները: Բայց, կրկնեմ, եթե այս հանգամանքի շեշտադրումից զատ, մենք, որպես հանրություն, որպես՝ գրեթե երեք տասնամյակի պետական ընթացք ունեցած հասարակական-քաղաքական օրգանիզմ, չփորձենք հասկանալ այդ ընթացքում թույլ տված սխալները, որոնք մեզ դրեցին մի իրավիճակի առաջ, երբ՝ թե դրական, թե բացասական հաշվարկների բերումով անհրաժեշտ-անխուսափելի եղավ 2018-ը, իսկ հետո էլ իրականացան դրա հետ կապված միայն բացասական հաշվարկները, ապա մենք երբեք չենք կարող ոտքի կանգնել այդ հասկացության ամբողջական, ընդգրկուն իմաստով, ներառյալ բնականաբար Հայաստանում որակապես նոր իշխանության ձեւավորման խնդիրը: Գիտեմ, չեմ գրում պոպուլյար բաներ: Իմ հոգսը դա չէ: Այդպիսի խնդիր և նպատակ ունենալու դեպքում կգրեի գնահատականներ, որոնք լցվում են լայքերով: Ինձ դա չի հետաքրքրում, անկեղծ ասած: Ինձ հետաքրքրում է մեր հասարակական-քաղաքական դաշտը մեզ հետ կատարվածի և մեր ապագայի վերաբերյալ մտքերով լցնելու հարցը: Մտքեր, որոնք բնականաբար չեն կարող հավակնել աներկբա, բացարձակ ճշմարտություն լինելուն, բայց անկասկած նաեւ չպետք է լինեն մանիպուլյատիվ և մակերեսային էպատաժի պուպուլիստական դրսեւորումներ: Փառք եւ խոնարհում Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին, փառք և խոնարհում իրենց առողջությունը զոհաբերածների առաջ»։