Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չոր փաստեր, որ պետք է հաշվի առնել արցախցիների աշխատավարձի մասին խոսելիս». Հայկ Խանումյան

«Չոր փաստեր, որ պետք է հաշվի առնել արցախցիների աշխատավարձի մասին խոսելիս». Հայկ Խանումյան
249
Երեկ, 17:48

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախցիների աշխատանքային ինտեգրացիայի հետ կապված հաճախ է նշվում, որ արցախցիների մեծ մասը բարձր աշխատավարձով պետական համակարգում էր աշխատում, դրա համար էլ Հայաստանում չեն հարմարվում։ Վերջերս նման մի միտք էլ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկն էր նշել՝ շեշտելով, որ «Արցախի չափահասների 60 տոկոսն աշխատել է պետական կառույցներում»։ Հավանաբար, այդպես ասողները նկատի ունեն բյուջետային աշխատողներին, պետական/հանրային ծառայողներին, համայնքային ծառայողներին, բուժաշխատողներին, ուսուցիչներին և այլ անձանց։ Եվ դրանով հանդերձ, Արցախում եկամտային հարկ վճարողների թիվը մասնավոր և պետական հատվածներում գրեթե հավասար է եղել, պետականը մի քիչ է բարձր եղել 50 տոկոսից։ Շա՞տ է սա, թե՞ քիչ։ Մեկնաբանության մեջ դրել եմ տնտեսագետ Աղասի Թավադյանի հետազոտության հղումը, որտեղ նշված է, որ Հայաստանում մասնավոր աշխատանքի գրեթե 80 տոկոսը կենտրոնացված է Երևանում։ Հայաստանում առնվազն 4 մարզում պետական տեղերի և մասնավոր տեղերի հարաբերակցությունը հօգուտ պետականի ավելի բարձր է, քան Արցախում էր, այսպես, Գեղարքունիքում պետական են աշխատատեղերի 65,4 տոկոսը, Արագածոտնում՝ 61,2 տոկոսը, Շիրակում՝ 56,5 տոկոսը, Տավուշում 52,8 տոկոսը։ Եթե այսօր Արցախը շարունակեր գոյություն ունենալ, այս ցանկում նա կհաջորդեր Տավուշին։ Բարձր աշխատավարձի մասին պնդումը ևս չափազանցված է, պետական ծառայության ոլորտում աշխատավարձերը զգալիորեն, որոշ դեպքերում անգամներով զիջում էին հայաստանյան աշխատավարձերին, բարձր էին ուսուցիչների, բուժաշխատողների աշխատավարձերը։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նաև շեշտվում է, որ տարիներ շարունակ գումարներ են ուղարկել Արցախ, որպեսզի այնտեղ բարեկեցություն լինի և այլն, այս միտքը տարբեր մակարդակներով կրկնվում է հանրության շատ շերտերի կողմից։ Գրառումներիցս մեկում նշել էի, որ Արցախի գոյությամբ ստեղծված անվտանգային ու տնտեսական միջավայրի շնորհիվ ՀՀ բյուջեն հարկերի տեսքով ավելի շատ գումար էր հավաքագրում (մեծամասամբ հանքարդյունաբերության ոլորտից), քան Արցախի տրամադրվող միջպետական վարկի գումարն էր։ Առաջիկայում այդ երկուսի չափին ու կառուցվածքին ևս կանդրառնամ։ Սրանք չոր փաստեր են, որոնք լավ կլինի, որ հաշվի առնվեն կարծիք հայտնող տարբեր գործիչների, նամանավանդ՝ պաշտոնյաների կողմից, եթե իհարկե նպատակը կեղծ թեզերի շուրջ արցախցիների նկատմամբ ատելություն առաջացնելը չէ»:

Աղբյուրը`   Հայկ Խանումյան