«Ընտրովի արդարադատությունը` ՀՑԹԻ-ում». Հայկ Դեմոյան
130
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 23:48
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿ․ ԱՄՆ Պետքարտուղարությանը ՀՀ արդարադատության նախարարին ճանաչել է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ: Միանում եմ շնորհավորանքներին, քանի որ նման մրցանակ ստանալը նաև պարտավորեցնող է: Խիստ ցանկալի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու անձամբ տիկին Գալյանը հետաքրքրվեն ու վերահսկեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի ու քրեորեն պատժելի մի շարք հանցագործությունների բացահայտումներով: Ընտրովի արդարադատության բազմաթիվ օրինակներ ունենք, որոնք աղաղակող են: Ըստ այդմ, պետք է բացահայտվեն թանգարանի անվան տակ իրականացված փողերի լվացման, խոշոր չափի գումարների յուրացման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման դեպքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի և խորհրդի որոշ անդամների կողմից թանգարանի ֆոնդերից գողությունների կատարելու փաստերը, որոնց մասին ցուցմունքներ եմ տվել 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում: Քրեական գործը հարուցվել է ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, սակայն մինչ օրս չի մտել դատաքննության փուլ: Հարություն Մարությանն իմ ցուցմունքներում մեղադրվում է մի շարք հանցագործությունների կոծկման, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման, ինչպես նաև նախաքննությանը կեղծ տվյալներ տրամադրելու մեջ: Վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թ. տեղի ունեցած հակասահմանադրական գործողություններում և վայելում է ներկա իշխանությունների հովանավորությունը: Ի դեպ, թանգարանի անվան տակ փողերի լվացման հնարավոր գործողության մասին 2016 թ. մայիսին ահազանգել եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ներկայացնելով համապատասխան փաստեր ու փաստաթղթեր: Լրացուցիչ պետք է հետևել ու վերահսկել, որպեսզի բացահայտվի 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանում արձանագրված արժեքավոր գրքերի գողության դեպքը: Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանը հետամուտ չեն և քայլեր չեն ձեռնարկում քրեական գործի վերաբացման ու գողոնի հայտնաբերման ուղղությամբ: Հաշվի առնելով, որ գողության մեջ կասկածվող անձինք ներկա պահին հանդիսանում են բարձրաստիճան պաշտոնյաներ, կարիք կա վերջնականապես համոզվելու վերջիններիս անմեղության կամ մեղսակցության մեջ՝ հրապարակելով իմ նախաձեռնությամբ 2007 թ. հարուցված քրեական գործի շրջանակում տրված ցուցմունքները: Առանձին հետաքննության կարիք ունի նաև ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամում իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման ու առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման դեպքը, որի կապակցությամբ հիմնադրամի ղեկավարությունը որևէ սպառիչ ու կասկածներ փարատող փաստեր չի ցանկանում ներկայացնել: Կարծում եմ, որ հովանավորչությունն ու ընտրովի արդարադատությունը չեն դառնա Ձեր մրցանակը ստվերող գործոններ»: