Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայաստանի հերթական ղեկավարն է իրեն համարում գիտուն ու առաջադեմ՝ ընկնելով մեր թշնամիների թակարդը»․ Նաիրի Հոխիկյան

«Հայաստանի հերթական ղեկավարն է իրեն համարում գիտուն ու առաջադեմ՝ ընկնելով մեր թշնամիների թակարդը»․ Նաիրի Հոխիկյան
106
Այսօր, 18:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե չիմացությունն է մեր ամենամեծ թշնամին, արձագանքեմ մի փաստով, որը կհաստատի վարչապետի խոսքերը՝ ընդդեմ թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի։
Արևելյան Հայաստանում (ներառյալ Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ, Նախիջևան, Ջավախք, Կարս, Արդահան, Իգդիր) հայերի բնակության մասին պատմագրությունը ավելի շատ խոսում է 1830-ական թվականներից, երբ Պարսկաստանից ու Արևմտյան Հայաստանից հարյուր հազարավոր հայեր գաղթեցին այստեղ։
Մեր թշնամի Ադրբեջանը և Թուրքիան սա շահարկում են, թե հայերը Արևելյան Հայաստանում հենց 1830-ականներից հետո են հայտնվել, իսկ մինչև այդ այստեղ բնակվել են թուրքեր ու թաթարներ։
Չիմացության հետևանքով շատերը կուլ են տալիս թշնամու այդ կուտը, այնինչ իրականությունը այլ է։
1604 թվականին Պարսկաստանի ազգությամբ թուրք շահ Աբասը բռնագաղթի ենթարկեց ու Պարսկաստանի խորքերը տարավ ամբողջ Արևելյան Հայաստանի (ներառյալ Լեռնային Արցախ, Հյուսիսային Արցախ, Նախիջևան, Ջավախք, Կարս, Արդահան, Իգդիր) հայ բնակչությանը՝ տարբեր տվյալներով՝ 600 հազարից մինչև 1 մլն մարդու, որից 300 հազարը՝ Նախիջևանից։
Հայերի փոխարեն այս տարածքներում զանգվածաբար սկսեցին բնակվել թուրքեր ու քոչվոր թաթարներ (ադրբեջանցիների նախնիներ)՝ սկսելով ոչնչացնել նաև հայկական պատմամշակութային արժեքները։ Երբեմնի թուրքաբնակ գյուղերում հիմա էլ հողի տակից ու տների պատերի միջից հայտնաբերվում են 4-ից մինչև 17-րդ դարերի խաչքարեր ու հայերեն արձանագրություններ։
Միայն 1990-ականների Արցախի ազատագրական պայքարի շնորհիվ հնարավոր եղավ ազատվել թուրքական ու թաթարական (ադրբեջանական) վայրագ, թշնամական զանգվածից, որի միակ նպատակը հայ ազգի ոչնչացումն է։
Նիկոլ Փաշինյանը պիտի գիտակցի, որ մեր որոշ ղեկավարների տգիտության ու չիմացության հետևանքով, այո, Հայաստանը պատմության ընթացքում բազում անգամներ տուժել է թշնամու կեղծ խաղաղության կոչերից։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանի ղեկավարը իրեն համարում է գիտուն ու առաջադեմ՝ ընկնելով մեր թշնամիների թակարդը։ Այո, չիմացությունը մեր թշնամին է»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան