«Ավինյանի պաշտպանած լրատվամիջոցներն են հենց իրեն փչացնելու»․ Դավիթ Սարգսյան
146
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 12:06
Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանն իրեն ընդդիմախոսող, իր կոռուպցիոն էության մասին բարձրաձայնող լրատվամիջոցներն անվանում է «աղբանոց»: - Ավինյանն այդպիսով թիրախավորում է «Փաստինֆոյին», «168 ժամին», «Սիվիլնեթին», «Հետքին», «Օրագրին» և մի քանի այլ արհեստավարժ լրատվամիջոցների: Սա այն դեպքում, երբ «Փաստինֆոն» նրան արդեն իսկ հաղթել է դատարանում և ապացուցել Ավինյանի կոռուպցիայի մասին սեփական պնդումների ճշմարտացիությունը: - Ոչիշխանական մեդիային ստի համար մեղադրում է մեկը, որի կոռուպցիոն «սխրանքները» դուրս են ելել միջազգային ասպարեզ: Հետաքննական լրագրության՝ աշխարհում ամենահեղինակավոր ցանցը՝ OCCRP-ն, անդրադարձել է Ավինյանի կոռուպցիոն գործարքներին՝ նրան տեղակայելով իր քաղաքական ուժին՝ ՔՊ-ին հոգեհարազատ Իլհամ Ալիևի մասին նյութի հարևանությամբ: - Սա ասում է մեկը, որն իր կոռուպցիոն հանցադրվագները մերկացնելու համար դատարանին միջնորդել էր կալանել նվաստիս բնակարանն ու աշխատավարձը, իսկ երբ այդ արգելանքների՝ ուժի մեջ մտնելուց հետո լրագրողական համայնքի ու ԵԽԽՎ-ի աղմուկը բարձրացավ, հետողորմյա արեց, թեև հայցը դեռ հետ չի վերցրել ու ինձնից 9 մլն դրամ է պահանջում: - Սա ասում է մեկը, որն այս վարչախմբի ամենայուղոտ կոռուպցիոն դրվագների՝ ԱՆԻՖ-ի և «Ֆլայ Արնայի» կնքահայրերից էր, բանկի և հանքի հոգաբարձուների խորհուրդների անդամ: Հենց իր հանցախմբի պարագլուխն է ընդունել, օրինակ, ԱՆԻՖ-ի տասնյակ միլիարդավոր դրամների վատնումը, միայն թե Ավինյանն այդ գործով, չգիտես ինչու, դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի: - Ավինյանը ենթադրաբար հասկանում է, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ՝ իր «ոչ պոպուլյար բարեփոխումների» համար իր թիմն իրեն քաղաքականապես զոհաբերելու է: Փառք Աստծու, նրա հարցում պետք է ոչ թե մեղադրանք հնարել, այլ ընտրել, թե նրա բազմաթիվ կոռուպցիոն հանցադրվագներց հատկապես ո՛ր մեկով են նրան մեղադրելու «ՔՊ-ի արժեքներից հեռանալու» համար: Ավինյանը լավ գիտե, որ այսօրվա ընդդիմությունից շատ ավելի ժրաջան՝ այդ հարցում հենց իր կուսակցության խարդավանքի վարպետներն են ձեռները շփում: - Այսքանը հաշվի առնելով՝ Ավինյանը լավ իմանա, որ այսօր իր պաշտպանած պայմանական «ՀԺ»-ն, «Հ1»-ն ու «Սիվիքն» են հենց նրան փչացնելու (Աղազարյանի ականջը կանչի): Ով գիտե, միգուցե անգամ մեղադրեն թմրամոլության կամ այլ մեղքերի համար: Իսկ նրա անվանած «աղբանոց» լրատվամիջոցները շատ ավելի հավասարակշռված կլուսաբանեն նրա քրեական գործն ու դատավարությունը»: