«Հայաստանն ակնկալում էր Թրամփի վարչակազմի հետ լրացուցիչ կոմունիկացիայի հնարավորություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանի վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ փետրվարի սկզբին Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ անցկացվելու է Միջազգային կրոնական ազատությունների 5-րդ գագաթնաժողովը: Փաշինյանը կմասնակցի դրան:
Հայաստանը կրոնական ազատությունների ալյանսին միացել է 2019 թվականին: Այդ նախաձեռնությունը Թրամփի վարչակազմինն էր: Այդ նախաձեռնությունը Չինաստանի հանդեպ մրցակցության տրամաբանության մեջ էր, օգտագործելու համար, օրինակ, ույգուրների խնդիրը՝ Պեկինի հանդեպ ճնշման համար:
Երբ Հայաստանը միացավ այդ ալյանսին, շատ էր ընդդիմախոսությունը, որ փաստորեն միանում է Չինաստանի դեմ նախաձեռնությանը, ինչը կվնասի հայ-չինական հարաբերությանը: Մեխանիկայի իմաստով այդ մտահոգությունն ուներ հիմք, սակայն, այստեղ կա երկու հանգամանք:
Նախ, այդ ալյանսը մեկ նպատակի կազմակերպություն չէր, այլ հարթակ, որին յուրաքանչյուր միացող միանում էր իր նպատակներով ու խնդիրներով:
Իմ գնահատմամբ՝ Հայաստանը միանալով այդ ալյանսին, թերևս, ակնկալում էր Թրամփի վարչակազմի հետ լրացուցիչ կոմունիկացիայի հնարավորություն՝ այդ կերպ մտածելով Կովկասի հանդեպ Թուրքիայի աճող հավակնությունը զսպելու տարբերակի մասին:
2020-ի պատերազմը ցույց տվեց, որ այդ հաշվարկը կա՛մ չի արդարացել, կա՛մ Հայաստանը պարզապես չի կարողացել վարել արդյունավետ դիվանագիտություն՝ այն արդարացնելու համար:
Չեմ կարող բացառել, որ դեր է ունեցել այն, որ 2019-ի սեպտեմբերին պաշտոնանկ եղավ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը: Ըստ տեղեկությունների՝ Երևանին հաջողվել էր որոշակի կայուն ու դրական երկխոսություն ծավալել հենց նրա հետ: Ընդ որում, եթե դա այդպես է, ապա ավելի շուտ արտացոլում է վրիպումի մասին, երբ կարևոր հարցերը կախված են մնում մեկ անձի հետ կոմունիկացիայից:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, այստեղ իհարկե մեխանիկական ընդդիմախոսությունը, թերևս, այդքան էլ փաստարկված չէ: Եթե առաջացել է խնդիր, ապա դա կարող էր լինել վատ աշխատանքի, այլ ոչ թե ինքնին ալյանսին միանալու հետևանքով:
Օրինակը Վրաստանն է: Վրաստանը ևս միացել էր Կրոնական ազատությունների այդ ալյանսին, բայց Չինաաստանի հետ Վրաստանի հարաբերությունը դրանից չի վատացել: Ավելին, այդ հարաբերությունը զարգացել ու խորացել է:
Ի վերջո, մեր տիպի երկրների համար միշտ էլ բարդ է շարժվելը և աջ կամ ձախ քայլ անելիս միշտ պետք է արդյունավետ կոմունիկացիայով ապահովվի հակառակ կողմի համար պարզաբանումը, հակառակ էֆեկտներ չստանալու համար:
Այսօր արդեն համաշխարհային իրավիճակը էապես այլ է, քան 2019-ին: Այլ են նաև Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները, նաև Հայաստանի դիրքերը՝ դժբախտաբար: Ի՞նչ խնդիրներ է հետապնդում Հայաստանը Կրոնական ազատությունների այդ նախաձեռնության շրջանակում:
Այսօր համաշխարհային փոփոխություններն, ըստ էության, շրջադարձային ու բախտորոշ են, փաստացի աշխարհի վերաբաժանում: Շրջադարձային այդ փուլերում առավել քան հիմնարար գործոններից և բաղադրիչներից է դառնում դավանաքաղաքականությունը: Իսկ Հայաստանն այդ առումով, ինչպես բազմիցս ունեցել եմ առիթ ասելու, «տիրապետում» է բավականին հարուստ պատմաքաղաքական և ընդհուպ իրավաքաղաքական ռեսուրսների: Բնական է, որ այդ «հարստությունը» ենթադրում է թե՛ հնարավորություններ, թե՛ ռիսկեր, բայց տալիս է աշխատանքային բազա:
Այլ է հարցը, թե պաշտոնական Երևանը ինչպես է մոտենում այդ բաղադրիչին, հետևաբար՝ ինչպես է ունակ թե՛ հայեցակարգորեն, թե՛ մասնագիտորեն օգտագործել Հայաստանի այդ ռեսուրսը, բնականաբար առանց ավելորդ սնապարծության ու պատրանքների, բայց նաև առանց ավելորդ ինքնախարազանման և «ամնեզիայի»:
Շատերը դավանաքաղաքականության բաղադրիչը թյուրիմացաբար նույնացնում են քաղաքական իռացիոնալիզմի հետ, այն դեպքում, երբ բաղադրիչը գործնականում համաշխարհային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկի՝ տրադիցիոնալիզմի անկյունաքարերից մեկն է: Ըստ այդմ, հարցը այն է, թե որն է պաշտոնական Երևանի ներկայիս քաղաքական ուղենիշն ու քաղաքականության արժեհամակարգային, հայեցակարգային կառուցվածքը:
Ցավոք, առնվազն հրապարակային հռետորաբանության մեջ «դավանանք» է հռչակվել կենցաղը»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
213Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
149Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
194Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
188Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
163Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
157Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
12919.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
12719.09.2026, 23:12