«Որոշումներն ընդունվում են առանց խորքային ռազմավարական պլանավորման»․ Արման Բաբաջանյան
134
Երեկ, 17:24
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանի նախօրեին կայացրած որոշման շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգիչ են։ Տեղի ունեցածը փաստում է կառավարման լրջագույն բացերի մասին։ Քաղաքապետարանը ամիսներ շարունակ պնդում էր, որ այլընտրանք չկա, նոր սակագները վերջնական են, հետքայլ չի լինի, իսկ այժմ՝ հաշված օրեր առաջ, տեղի է ունենում ակնհայտ նահանջ։ Եթե հնարավոր էր 150 դրամով ապահովել փոփոխությունները, ապա ինչո՞ւ սա չարվեց սկզբից, ինչո՞ւ հասարակությանը ստիպեցին ընդունել անխուսափելիության գաղափարը։ Մի պարզ պատճառով. կարողությունների պակաս կա, և այս որոշումներն ընդունվում են առանց խորքային ռազմավարական պլանավորման, առանց միջազգային փորձի ներգրավման։ Համաշխարհային քաղաքային տրանսպորտի բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն ծրագրավորված, մասնագիտական խորհրդատվությամբ, միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Օրինակ՝ Վրաստանը վերջին տարիներին զգալի բարեփոխումներ է իրականացրել՝ ինտեգրելով էլեկտրոնային տոմսավորման համակարգ, մաքուր էներգիայով աշխատող ավտոբուսներ և հասանելի սակագնային մոդելներ։ Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին, որը, դեռևս մինչ պատերազմի սկիզբը, փորձեց բարելավել տրանսպորտային ցանցը ԵՄ լավագույն ստանդարտներով։ Մյուս կողմից՝ եվրոպական առաջատար երկրները, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, նույնպես պարբերաբար վերանայում են իրենց քաղաքային տրանսպորտային համակարգերը՝ սոցիալական արդարությունը ապահովելու համար։ Գերմանիայում 2023-ին ներդրվեց 49 եվրոյանոց տոմսի համակարգը, որը թույլ է տալիս քաղաքացիներին անսահմանափակ տեղաշարժվել երկրի ողջ տարածքում, ինչը մեծապես նվազեցնում է հասարակության ֆինանսական բեռը։ Այնինչ, Երևանի իշխանությունները կրկին գործում են ինքնամեկուսացած ձևով՝ փոխանակ դիմելու փորձառու գործընկերների, փոխանակ ԵՄ առաքելությունից մասնագիտական աջակցություն խնդրելու։ Սա անհասկանալի և անթույլատրելի գործելակերպ է, հատկապես այն համատեքստում, երբ Հայաստանը պատրաստվում է նոր ռազմավարական շրջափուլի՝ ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզի և գուցե DCFTA-ի շուրջ բանակցությունների մեկնարկին։ Եթե Երևանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում լիարժեք պլանավորել և իրագործել նույնիսկ հանրային տրանսպորտի բարեփոխումը, ապա ի՞նչ կարող ենք ակնկալել պետական մակարդակով ավելի բարդ և ճակատագրական որոշումների ընդունման գործընթացում։ Պետական կառավարման կարողությունների այս մակարդակը սպառնալիք է ոչ միայն առանձին ոլորտների զարգացման, այլև Հայաստանի ռազմավարական շահերի համար։ Նման կարևոր փուլում երկիրը, իշխանությունը պետք է ունենա արհեստավարժ, միջազգային փորձով հարստացած և կանխատեսելի որոշումներ կայացնող անհատներ, այլ ոչ թե իրավիճակային, անհետևողական լուծումներ»։