«Ձեզ հաջողությամբ զբաղեցնում են 150 դրամի բազարով, որ այլ հարցերի շուրջ չմտածեք». Հայկ Դեմոյան
159
Այսօր, 00:24
Ցեղասպանության թանգարան-իստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կենտրոնացում ու ապակենտրոնացում Երբ որ կենտրոնանում եք միայն մեկ անձի վրա ու միայն նրան եք համարում բոլոր փորձանքների, կորուստների ու նվաստացումների մեղավորը, արդյունքում շահում են նրանք, ովքեր հենց ստեղծել են «Նիկոլ Փաշինյան» երևույթը մեր իրականության մեջ: Հիշո՞ւմ եք, վերջինս շատ էր սիրում կրկնել, որ ամեն ինչի մեղավորը ես եմ ու ես եմ կրում պատասխանատվությունը: Նույնիսկ անցյալ տարեվերջին առաջարկեց իրեն գնդակահարության պատի տակ տանել: Դա է գլխավոր ծուղակը, երբ հայհոյում ու անիծում ես մեկին, ով ընդամենը երկրորդական ու երրորդական հետևանք է վերջին յոթ տարվա ողբերգությունների շարանի մեջ: Ըստ այդմ, չեն բացահայտվում ու շահող են դուրս գալիս նրանք, ովքեր նախապատրաստել, աջակցել ու սպասարկել են Նիկոլ+ՔՊ գործողությունը: Իսկ այդ նախապատրաստական աշխատանքը երկար է տևել և առանց վարչական ռեսուրսի, ասել կուզի իշխանությունների գիտության ու մասնակցության, հաստատ գլուխ չէր գա: Պետք չի մոռանալ, որ «Նիկոլ Փաշինյան» ազգակործան օպերացիայի իրականացմանը մասնակցել են լրատվամիջոցներ, քաղտեխնոլոգներ, գիտնականներ, հանրային անձինք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կուսակցականներ, այդ թվում՝ ընդդիմությունից: Այն պահից, երբ ոստիկանապետ դարձավ Վ. Օսիպյանը, իսկ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը, ազգս տակավին շարունակում էր հավատալ անաղարտ ու մաքուր թավշյա հեղափոխությանը, հավատաց նաև, թե շուտով Նիկոլը կբացահայտի մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը՝ չհասկանալով, որ նրա առաջնային առաքելություններից մեկը դա բացառելն էր: Հապա ինչքա՞ն գաղտնիքներ ծնեցին Նիկոլն ու իր սպասարկուները… մի ամբողջ պատերազմ ու սերնդի ոչնչացում, պատերազմի քողի տակ թալան ու դրամական միջոցների յուրացում, Սուրմալուի պայթյուն, Պեմզաշենի սպանություն, զինվորների ողջակիզում, Աշոտիկի առևանգում և այլն և այլն: Ազգս, ի դեմս ՀՀ քաղաքացիների ու սփյուռքահայերի, այդպես էլ չի հասկանում, որ խորհրդային կգբական շոշափուկներն տակավին ակտիվ գործում են՝ ի դեմս ազգագրագետների ու արևելագետների դիմակի տակ քողարկված գիտնականների, տարատեսակ հասարակական ու մշակութային գործիչների ու հենց նրանց միջոցով ապակողմնորոշեցին ու իշխանության բերեցին ավազակների մի խումբ: Երբ 2018 թ-ից ահազանգում էի սրանց կողմից Ծիծեռնակաբերդը թիրախավորելու ու դրա հետևանքների մասին, շատերը կարծում էին, թե պաշտոնի համար էմ անում, այնինչ ինձ համար դեռ 2012 թ. պարզ էր, թե ինչ սարսափներ են մեզ սպասում ու դիմեցի ճարահատյալ քայլի. 2016 թ. երկու դասախոսություն կարդացի ԱՄՆ-ում՝ գուժելով երրորդ հանրապետության մոտալուտ անկման մասին: Այս դասախոսությունը, որը շատ ռիսկային պոռթքում էր, էժան չնստեց իմ վրա. պատժելու բուռն ցանկությունն ի կատար ածելը թավշա խեղկատակությունը ակտիվորեն սպասարկող Հրանուշ Խառատյանի մասնակցությամբ փորձեցին իրագործել Արայիկ Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, երբ ներխուժեցին ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ, որպեսզի սկանդալ հրահրելով, բացառեն իմ ներկայությունը թանգարանում որևէ այլ պաշտոնում: Պատճառներից մեկն էլ յուրացված խոշոր գումարներն էին ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստի կոծկումը: Խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ մոտիկ չեկավ այս թեմային: Չասեմ, թե ինչու… Այս դրվագով մոտ օրերս կլինի գաղտնի տեսագրությունների հանրայնացում ու ավելի կհամոզվենք, թե որքան միամիտ ու թերհավատ ենք եղել ի դեմս պարզունակ ստորաքարշների տեսնելով ազգափրկիչների: Հիշեցնեմ, որ երկու հարուցված քրեական գործ՝ Ծիծեռնակաբերդում գրանցված հանցագործությունների դրվագներով, տակավին չեմ մտնում դատաքննության փուլ ու հույս չկա, որ երբևիցէ կմտնեն: Իսկ ձեզ հաջողությամբ զբաղեցնում են 150 դրամի բազարով, դուք էլ հաջողությամբ զբաղվում եք, որ այլ հարցերի շուրջ չմտածեք ու չխորհեք, որովհետև հին սովետական ավանդույթի համաձայն, ինքնուրույն կամ խմբակային մտածելն ու գործելը հակացուցված են: Դրա համար կան մարմիններ, ովքեր կմտածեն ու կգործեն ձեր փոխարեն ու ձեր անունից՝ հանուն ձեր ու ձեր երեխաների ապագայի…»: