ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ուղերձ է հղել կոլեկտիվին: Ուղերձում ասված է. «Սույնով շնորհակալություն եմ հայտնում ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։ Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։ Բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս օրերին ջանքեր գործադրեցին ծագած խնդիրներին կառուցողական լուծումներ տալու ուղղությամբ, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։ Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։ Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։ Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության: Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»։ Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է: Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։ Աշխատանքից ազատման հրամաններ էին տրվել ութ աշխատակիցների վերաբերյալ։ ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։