Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նրանցից որևէ մեկը հանրության հետ բաց ու ամբողջական խոսելու համարձակություն չի ունեցել». Հակոբ Բադալյան

«Նրանցից որևէ մեկը հանրության հետ բաց ու ամբողջական խոսելու համարձակություն չի ունեցել». Հակոբ Բադալյան
233
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 20:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «2008 թվականի հունվարին, նախընտրական արշավի մեկնարկից առաջ, Մարիոտ հյուրանոցում ասուլիսի ժամանակ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին հարց ուղղվեց 1996-ի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ այդ ընտրության արդյունքը ճանաչել է Սահմանադրական դատարանը, արդյունքը կասկածի տակ չեն դրել միջազգային դիտորդները:

Ակնհայտ էր, որ դա մեղմ ասած թույլ և ոչ համոզիչ պատասխան է, որովհետև, օրինակ, Սահմանադրական դատարանը գործնականում հաստատել էր նաև դրանից հետո կայացած 1998, 2003 թվականի ընտրությունները, և միջազգային դիտորդներն էլ՝ խնդիրներ միշտ տեսել էին, բայց արդյունքը չէին դրել կասկածի տակ:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան էլ, իր կեցավայրում ասուլիսի մեկնարկին լրագրողներից մեկը հիշեցրեց նրան 1996-ի մասին, ինչը ակնհայտ դուր չեկավ առաջին նախագահին և նա արձագանքեց, թե հիմա չի կարելի է խոսել այդ մասին, քանի որ դա ջուր կլինի Քոչարյանի և Սարգսյանի ջրաղացին:

Հայաստանի բոլոր նախկին նախագահներն ունեն իրենց «աքքիլեսյան գարշապարերը», թույլ ու խոցելի կետերը: Նույնը Ռոբերտ Քոչարյանը, հենց մարտի 1-ով, իր նախագահության ընթացքում համակարգային լրջագույն խնդիրներով ու արատներով, հետո՝ Սերժ Սարգսյանը:

Նրանցից յուրաքանչյուրն էլ իհարկե ունի այդ ամենի վերաբերյալ հարցադրումներին իր պատասխանները, արդարացումները, հակադարձումները, այլ մեղավորների, պատասխանատուների շրջանակը և այլն, և այլն:

Բայց, նրանցից որևէ մեկն, ըստ էության, գոնե առայժմ չի ունեցել այդ խնդիրների վերաբերյալ հանրության հետ առավելագույնս բաց ու հնարավորինս ամբողջական խոսելու համարձակություն: Բոլորը ըստ էության փորձել են պարզապես արդարանալ՝ այս կամ այն կերպ:

Մինչդեռ, այդ արդարացումները խորացրել ու խորացնում են նրանցից յուրաքանչյուրին ուղղված հարցերը, այն դեպքում, երբ խոսելու համարձակությունը կփակեր հարցերի ու թեմաների մի զգալի մասը:

Իհարկե՝ ոչ բոլորը: Միշտ էլ լինելու են չվստահողներ, չհավատացողներ, անկախ ամեն ինչից՝ պարզապես մեղադրողներ: Դա անխուսափելի է: Բայց կա հանրային մի շոշափելի շերտ, որը ցանկացած պարագայում ի վիճակի է վարել ռացիոնալ խոսակցություն: Չի եղել այդ շերտի հետ խոսող նախկին նախագահ:

Ինքս համոզված եմ, որ նրանք երեքն էլ Հայաստանի համար արել են շատ բան, ամեն մեկը իր նախագահության շրջանում լուծել է բարդ և կարևոր խնդիրներ, Հայաստանն ապահովել է կարևոր ձեռքբերումներով: Բայց այդ ամենը չի չեղարկում բոլոր այն հանգամանքները, որոնց վերաբերյալ կան ոչ պակաս լրջագույն հարցեր:

Եվ այստեղ մի կարևորագույն հանգամանք ևս, որը գուցե ընդհանրապես պոպուլյար չէ:

Վերը նշածս հարցերի առումով նախկին նախագահներին բացարձակապես չեն օգնել նրանց համակիրները, կամ համակիրների ճնշող մեծամասնությունը: Անսխալականության, անքննելիության այն պաշտամունքը, որ եղել է, ըստ էության, բոլոր երեքի համակիրների մոտ՝ իրենց առաջնորդի հանդեպ, իրականում ակոսելով առաջնորդների շուրջը, նրանց ոչ թե պաշտպանել է, այլ «մեկուսացրել» ավելի լայն հանրությունից, թողնելով հենց բացառապես հավատավոր համակիրների կամ շահառուների հույսին:

Ընդ որում, սա էլ իր հերթին մի երևույթ է, որ բնորոշ է Հայաստանում ցանկացած քաղաքական ուժի՝ անկախ մասշտաբից»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան