Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քաղաքական վարձկաննե՛ր, կենտրոնացե՛ք Փաշինյանին հեռացնելու վրա, ոչ թե ՀՀԿ-ի»․ Տիգրան Աբրահամյան

«Քաղաքական վարձկաննե՛ր, կենտրոնացե՛ք Փաշինյանին հեռացնելու վրա, ոչ թե ՀՀԿ-ի»․ Տիգրան Աբրահամյան
162
Երեկ, 22:36

«Տարբեր գործիչների կողմից, նաև մամուլում խեղաթյուրվում է իրավիճակը։ «Հայաստան» դաշինքում կան տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներ ունեցող մարդիկ, կա առանձին կուսակցություն՝ ՀՅԴ-ն, կան մարդիկ, որոնք որևէ կուսակցություն չեն ներկայացնում, այս իրավիճակում չեմ ուզում բոլորին բերենք և նույն համատեքստում քննարկենք»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներքին տարաձայնություններին։

Պատգամավորի դիտարկմամբ՝ վերջերս հնչում են տեսակետներ, որոնք տրամաբանությունից դուրս են։ «Փաստորեն մենք նույն մարդու հետ 2020-ին եղել ենք ոստիկանական մահակի տակ, ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի կամ հատուկ միջոցների թիրախում ենք եղել, նույն մարդկանց հետ գաղութներով պտտվել, մարդկանց շահերն ենք պաշտպանել, բայց պարզվում է, որ մեր կողքը կանգնած մարդիկ կասկածել են, որ մենք ենք բերել Նիկոլ Փաշինյանին, մենք ենք համագործակցել, բայց մեզ հետ նույն քաղաքական գործընթացների խրամատո՞ւմ են եղել։ Փաստորեն մենք կոնկրետ մարդկանց կողմից թիկունքից հարված ենք ստացել, ո՞նց կարող ես քաղաքական գործընթացների նույն խրամատում լինել, 5-7 տարի հետո պարզվի, որ կասկածել են քո ամեն ինչի վրա, մտածել են՝ ինչ անում ես, դա կարող է նպաստել Փաշինյանի գործունեությանը»,- պարզաբանեց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության թիրախը պետք է լինի Փաշինյանին հեռացնելը, ոչ թե ընտրություններին գերակայություն ապահովելը։ «Քաղաքական վարձկաններ կան, որ վեհ գաղափարներից են խոսում, բայց իրենց խնդիրը փողն է եղել․․․ Մեր խնդիրը 5 հատ մանդատ ավել վերցնե՞լն է, թե՞ սրանց իշխանությունից զրկելն է․․․ Մարդ կա, որ մարդկային հարաբերությունների, բարոյական սկզբունքների վրա թքած ունի,- նշեց պատգամավորը և ընդգծեց,- մենք պետք է թիրախավորված աշխատենք Փաշինյանի դեմ, որը երկիրը բերել է այս իրավիճակին, թիրախը Նիկոլ Փաշինյանն է, կենտրոնացե՛ք նրան հեռացնելու ուղղությամբ, ոչ թե ՀՀԿ-ի»։

«Քաղաքական վարձկաննե՛ր, կենտրոնացե՛ք Փաշինյանին հեռացնելու, ոչ թե ՀՀԿ-ի վրա»․ Տիգրան Աբրահամյան