Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ո՛չ սահմանին է անվտանգ, ո՛չ երկրի ներսում․ անվտանգ է ընդամենը մեկ մարդ»․ Սևակ Հակոբյան

«Ո՛չ սահմանին է անվտանգ, ո՛չ երկրի ներսում․ անվտանգ է ընդամենը մեկ մարդ»․ Սևակ Հակոբյան
132
Երեկ, 21:12

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ո՛չ սահմանին է անվտանգ, ո՛չ երկրի ներսում․ անվտանգ է ընդամենը մեկ մարդ․ «Կարճ ասած»։
Օրը մի քանի անգամ թշնամին կեղծ լուրեր է տարածում, թե Հայաստանը խախտում է հրադադարը։ Շատերն են ասում, որ Ադրբեջանը սադրանքների է նախապատրաստվում։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք սահմանային անվտանգություն չունենք ու տեսանելի ապագայում չի էլ սպասվում։ Լավ, Ադրբեջանի հետ սահմանին անվտանգութուն ապահովել չեն կարողանում, թույլ են, ի՞նչ կա անվտանգային մյուս ուղղություններում։ Նիկոլն էր ասում, չէ՞, վայն եկավ տարավ էն ազգին, որի անվտանգության գլխավոր երաշխիքը բանակն է։ Հիմա ՀՀ քաղաքացին ի՞նչ անվտանգային միջավայրում է ապրում։ Բանակից էս կողմ գամ, երկրի ներսում անվտա՞նգ է քաղաքացին։
Երեկ՝ մարտի 17-ին, 2 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացած, մյուսը՝ վիրավոր․ սպանությունը եղել է դպրոցի հարևանությամբ։

Դրանից մեկ օր առաջ Երևանում՝ Սարի թաղում, հնչել են կրակոցներ, կա զոհ ու վիրավորներ։

Դրանից մեկ օր առաջ կարդում ենք՝ 17-ամյա պատանին դանակահարել է 19-ամյա պատանուն։ Սա մեր ամենօրյա լրահոսն է, օրը մի քանի անգամ։ Երկրի ներսում քաղաքացին անվտանգ ու ապահով չէ, որովհետև կարող է կա՛մ իր վրա հարձակվեն, կա՛մ իր աչքի առաջ ուրիշին սպանեն, ու դա տեղի ունենա դպրոցի մոտ։ Հազարից մեկ կարող ես կարդալ, որ ոստիկանությունը այսինչ դեպքը կանխել է։ Բայց կարող ես կարդալ, որ ոստիկանները հենց մասնակից են հանցագործության։
Երեկ իմացանք, որ Վանաձորում թալանել են արցախցիների վարձակալած տունը, իսկ ոստիկանությունը տուժողի բարեկամին է տարել, ծեծել ու պահանջել, որ իր վրա վերցնի ավազակային հարձակումը։ 6 ոստիկան ծեծել են երիտասարդին ու պահանջել իր վրա վերցնի։ 7 ժամ անց բաց են թողել ու հրամայել ոչ մեկին չասել։ Այդ երիտասարդն էլ 44-օրյա ու ապրիլյան պատերազմների մասնակից է։ Սա ինչու եմ շեշտում․ որովհետև կարող է մարդ թուրքի դեմ պատերազմում չզոհվի, բայց գա խաղաղ ժամանակ զոհ գնա ոստիկանության գործողություններին։ «Բարեփոխված» ոստիկանությունը մարդկանց գլխին սարքում է։ Տուն-տեղ կորցրել է, հիմա ասում են՝ դե մեկ ա բան չունես, արի՛ գնա, բա՛նտ նստի։
Ասենք քաղաքացին էս ամեն ինջից պլստաց, հետո այլ խնդիրների է բախվում․ շատացել են մարդկանց գույքի, ֆինանսների հափշտակության դեպքերը․ չկա օր, որ ինտերնետի միջոցով խաբելու տասնյակ դեպքերի մասին չիմանանք։ Չեմ խոսում բնակարաններից գողությունների մասին, որոնք ահռելի ծավալների են հասել, ու մեքենաներից գողությունների մասին։ Ոստիկանությունը էս ամենը չի կարողանում բացահայտել, էնքան բացահայտ է այդ չբռնել-չպատժելը, որ քեզ մոտ տպավորություն է՝ ոստիկաններն ու հանցագործները համագործակցում են։ Ոստիկանությունը էնքան թույլ է, հանցագործներն էնքան են հզորացել, որ անգամ ոստիկանության անունից են գումար շորթում։ Ոստիկանությունն ասում է՝ մեր անունից հաղորդագրություններ են տարածում, կեղծ է։ Բա դուք իսկի ձեր հետ կապվածը չեք կարողանում բացահայտել։
Կրկնում եմ՝ ամեն տեղ է անվտանգության ամենացածր մակարդակ։ Կան վայրեր, որոնք ամբողջությամբ, 100 տոկոսով գտնվում են պետության հոգածության տակ․ օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները․ երեկ բանտում գրանցվել է այս տարվա 6-րդ մահը։ Տարվանից ընդամենը 2,5 ամիս է անցել, ու 6 մահ՝ բանտերում, հիմնականում՝ ինքնասպանություն։ Բանտում գտնվողը պետության պաշտպանության տակ է ու եթե այնտեղ սպանվում է, ուրեմն կառավարությունը թերացել է, չկա։
Օդի ամենակեղտոտ մակարդակն է Երևանում, այսինքն՝ առողջության անվտանգություն չունենք Երևանում ապրողներս․ վաղը պարզվելու է, որ պարենային անվտանգությունն էլ է ցածր մակարդակի վրա, որը անվտանգություններից ամենակարևորներից մեկն է։ Սրանց ԱԽ քարտուղարն արդեն հացը բրնձով փոխարինելուց է խոսում։ Հայաստանից նախորդ տարի գարնանը տարածքներ հանձնեցին թշնամուն, կարդացի՝ Կիրանցում նախորդ տարի 40 հեկտար աշնանացան էին ցանել, այս տարի՝ 7։ Բա դա պարենային անվտանգության թուլացման մասին է։
Եթե որևէ բան կապված է Հայաստանի այսօրվա կառավարության հետ, ուրեմն անվտանգություն բառի մասին մոռացիր․ ընդ որում, հայերի հետ կապված ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս, պետք է ակնկալիք չունենաս։ Երուսաղեմում հարձակվում են հայկական թաղամասի վրա, հայերի բիզնեսների վրա, Նիկոլի կառավարությունը գոյություն չունի։ Բելառուսում բռնում են հայ բլոգերի, ուզում են Ադրբեջանին հանձնել, Հայաստանի իշխանությունը գոյություն չունի, Սիրիայում կոտորած է, հարցնում են լրագրողները՝ ի՞նչ կլինի հայերի հետ, Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ։
Էլի հիշեմ Նիկոլին, ասում էր՝ եթե անվտանգության գործում առանցքային տեղում բանակն է, ապա անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա Հայաստանում առաջին տեղում ո՞ր կառույցն է անվտանգության ապահովման։ Ոչ մեկը։ Անվտանգային միջավար չկա և ո՛չ մի տեղ, ո՛չ մի բնագավառում, ո՛չ մի իրավիճակում։ Հայաստանում անվտանգ է մեկ մարդ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ամեն ձևով անվտանգ է։ Նա անվտանգ է մնում անգամ բոլորի անվտանգությունը խաթարելու, հազարավորներին գերեզման ու «Եռաբլուր» պանթեոն բերելուց հետո․ կարևորը ինքը լինի անվտանգ, մնացածի վրա թքած ունեն։ Հայաստանի անվտանգությունը սրանք մի 100 տարով հետ են շպրտել։
Կարճ ասած՝ էս իմ բոլոր թվարկած հարցերով սրանք տվել են բազմաթիվ խոստումներ, թե՛ սահմանային անվտանգության, թե՛ խաղաղության, թե՛ ոստիկանության պահվածքի, թե՛ հանցագործությունների նվազման։ Բայց չի եղել։ Ինչո՞ւ․ Որովհետև էս մարդիկ ընդունակ չեն։ Ինչքան էլ լավ գաղափար, ծրագիր լինի, չեն կարող իրականացնել։ Հիմա «խեղճ հարիֆը» սահմանային անվտանգությունը չի կարողանում պահել, ոստիկաններին չի կարողանում զսպել, չի կարողանում բացահայտել գողերին, չի կարողանում այնպես անել, որ փողոցներում իրար չսպանեն, որ մարդկանց չթալանեն զանազան միջոցներով ու հատկապես ինտերնետով։ Ու արդյո՞ք որևէ մեկիդ մոտ հարց է առաջանում, թե ով է մեղավոր, որ մեր ժողովուրդը չունի անվտանգություն և ոչ մի տեղ։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ նա խեղճ է ու հարիֆ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան